17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱԿ-ում բոլո՞րն են “խելոք ենթարկվում”

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ի տարբերություն նույն խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, որն իր վերջին ասուլիսում հերքեց ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցի շուրջ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների փաստը եւ հայտարարեց, որ այդ ամենը “իշխանական քարոզչամեքենայի” հորինածն է/տես`Aravot.am/,  հպարտանում է, որ ՀԱԿ-ում կարծիքները տարբեր են:

“Մեզ մոտ իսկապես, տարբեր կարծիքներ կան տարբեր հարցերի շուրջ եւ չի եղել հարց, որի նկատմամբ բոլորս նույն կարծիքին լինենք: Չկա այդպիսի բան, եւ ես դրանով հպարտանում եմ, բայց հպարտանում եմ նաեւ նրանով, որ երբ հարցը դրվում է քվեարկության եւ որոշում ենք կայացնում, բոլորս խելոք ենթարկվում ենք այդ որոշմանը: Դեմոկրատիայի հիմքը սա է` բոլորը ունենան կարծիք, արգումենտներ բերեն, քննարկեն, որոշում կայացնելուց հետո` ենթարկվեն “,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է Արամ Մանուկյանը:

Մեր դիտարկմանը, թե սա այն առանցքային հարցերից մեկն է, որի շուրջ, փաստորեն, լուրջ տարաձայնություններ կան եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլեւ ՀԱԿ այլ ներկայացուցիչների, օրինակ՝ “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ, նաեւ` “Ազատություն” կուսակցության նախագահ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, որն այս հարցի վերաբերյալ վերջերս ընդհանրապես հրաժարվում է կարծիք հայտնել, Արամ Մանուկյանը արձագանքել է.

“Կրկնում եմ, ես հպարտ եմ, որ Հայ ազգային կոնգրեսը մի կառույց է, որտեղ բոլորը ունեն տարբեր կարծիքներ եւ արտահայտում են իրենց կարծիքը: Սա շատ կարեւոր է: ՛՛Հանրապետականն՛՛ էլ ունի տարբեր կարծիքներ, բայց երբեք չի արտահայտում, որովհետեւ վախենում է”:

Արամ Մանուկյանի խոսքով, ՀԱԿ անդամների տեսակետները մշտապես բուռն կերպով քննարկվում են եւ ՀԱԿ քաղխորհրդում եւ խորհրդարանական խմբակցությունում.”Մարդիկ ասում են իրենց հակադիր կարծիքը, բայց երբ գալիս է ստորագրելու պահը, որոշում կայացնելու պահը, հայտարարություն  անելու պահը, որոշմանը ենթարկվում են բոլորը”:

Արամ Մանուկյանը չի կարծում, որ ՀԱԿ-ում առկա տարաձայնությունները կրկին անգամ կմասնատեն  ՀԱԿ-ը  եւ նոր արտահոսքի առիթ չեն հանդիսանա. “Այսինքն, ես դեմոկրատիայից մտավախությո՞ւն ունենամ: Տարաձայնությունները հարստացնում են մեր քաղաքական սպեկտորը”:

Արամ Մանուկյանին առարկեցինք` տվյալ դեպքում խոսքը ոչ թե ժողովրդավարության, այլ սկզբունքների մասին է, եւ հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությունները այն մասին, որ Փաշինյանը հավատարիմ է իր սկզբունքներին ու նախկին գնահատականներին:

Արամ Մանուկյանն արձագանքեց այպես. “Ես հարգում եմ նրա կարծիքը, բայց երբ որոշում ենք կայացնում, մարդը դեմոկրատ ձեւով մասնակցում է մեր որոշումներին”:

Հ.Գ. Եթե ինչպես Արամ Մանուկյանն է ասում, ՀԱԿ-ում հակադիր կարծիքները քննարկվում են, բայց եւ  “բոլորը խելոք” ենթարկվում են որոշմանը, նշանակում է, որ ՀԱԿ-ի բոլոր ներկայացուցիչները պետք է ընդունեն ՀԱԿ քաղխորհրդի  օգոստոսյան որոշումը, որը տարբեր քաղաքական գործիչների եւ ուժերի, այդ թվում` ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցն է քննարկել եւ որոշել այդ հարցում վստահել Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը, ասել է թե` 2011թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում հռչակած “քաղաքագիտական վերլուծությանը”, բայց, փաստերը հակառակն են ցույց տալիս` ՀԱԿ-ում բոլորը չէ, որ ընդունում են այդ որոշումը:

ՀԱԿ ղեկավարության ընտրած մարտավարության` ԲՀԿ-ի հետ մերձեցման  պատճառով  այս տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ, դեռ մարտ ամսից ՀԱԿ-ի դուռը իր հետեւից փակեց  Դավիթ Շահնազարյանը, ընտրություններից հետո` ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու “Հայաստանի լիբերալ” կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը` իրենց կուսակցություններով:

Ինչի կհանգեցնի անհամաձայնությունն այս անգամ` “խելոք չենթարկվողները” կլքեն Կոնգրեսը նախագահական ընտրություններից առա՞ջ, թե ՞ հետո, թերեւս ժամանակը եւ անշուշտ, ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների հստակեցումը ցույց կտա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ