Ոսկու շուկայի տնօրինությունը կտուգանվի
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանի խոսքով, “Վաղարշ եւ որդիներ” ոսկու շուկան կտուգանվի մոտ 95 միլիոն դրամով: Այս թիվը հնարավոր է փոփոխվի, քանի որ ընկերությունը պետք է ներկայացնի իր հիմնավորումները: Ստուգումների ընթացքում շուկայում հայտնաբերվել են առանց հարգորոշման ոսկյա զարդեր կամ անհասկանալի հարգադրոշմամբ ոսկյա իրեր:
Հիշեցնենք, որ ոսկու շուկայի աշխատակիցները վերջերս կառավարության դիմաց ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով, որ համատարած արձանագրություններ են կազմվում եւ նրանք պետք է վճարեն 2 մլն դրամ: Սակայն ոլորտի պատասխանատուն հերքեց դա:
“Մինչեւ կառավարության հանձնարարականը ոսկու շուկայում ստուգումներ չեն եղել, եւ կառավարության դիմաց բողոքի ակցիայի դուրս եկած անձինք տուգանված չեն եղել: Մենք հրավիրեցինք այդ տուգանված աշխատողներին, եւ պարզվեց, որ այդպիսի բան չկա:
Այս տարվա ընթացքում ամենախոշոր տուգանքը, որը նշանակվել է ոսկու եւ թանկարժեք մետաղների վերահսկողության ոլորտում, եղել է 500 հազար դրամը: Եվ այն անձինք, ովքեր եկել էին մեզ մոտ, ասացին, որ այդ քայլին են գնացել, որպեսզի հետագայում հանկարծ խոշոր տուգանքներ չնշանակվեն”,- ասաց Խալիկյանը: