Այս տարի վարակի պատճառով կրճատվել են բանջարաբոստանային ցանքսերը
”Հայաստանի ագրարագյուղացիական միավորման” նախագահ Հրաչ Բերբերյանը անցնող տարին գյուղատնտեսության համար բարենպաստ է համարում: Աճ կա պտղաբուծության մեջ, մասնավորապես ծիրանի, 40 %-ով աճել են պղպեղի, սմբուկի արտադրանքը: Կարտոֆիլի ցանքսերն են աճել. ըստ Բերբերյանի այստեղ գյուղացին շահույթ է տեսնում:
“Հացազգիների եւ անասնակերի ցանքատարածություններն են աճել Արարատյան հարթավայրում, փոխարենը կրճատվել են բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները: Պատճառը մորմազգիների վարակն է”,-ասաց Բերբերյանը:
Այն հարցին, թե ճիշտ է, որ վարակը դրսից ներկրված սերմերից է տարածվել, քանի որ Խորհրդային Միության տարիներին չկար՝ Բերբերյանն ասաց. “Ես էլ ասում եմ Արաքս այն ափից թռել եկել է ու վարակվել է ցանքսերը”:
Բերբերյանի խոսքով, կառավարությունը միշտ զգալի գումար է տրամադրում վարակների կանխարգելման համար: “Մնում է օգտագործեն նպատակին, եթե մի վայրում ժամանակին չեզոքացնեին, ապա չէր տարածվի”,-հայտարարեց Բերբերյանը:
Անդրադառնալով Արմավիրի մարզի կարկտահարությանը՝ Բերբերյանն ասաց, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե կրակել էին ամպերի դեմ թե չէ:
Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը կմշակի եւ եկող տարի Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի “Գյուղմթերք արտադրողի մասին” օրենքի նախագիծը: Սա զգալի կբարելավի գյուղատնտեսության ոլորտը: