23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Մարդը եթե մկրտված է, նրա գագաթից` հոգետնից, լույսի շիթ է բարձրանում, գնում է դեպի տիեզերք»: 

Հարցազրույց մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, ՀՀ ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի երբեմնի գիտաշխատող, հասարակական գործիչ, մինչև առողջական խնդրի առաջացումը Երևանի Սուրբ Գևորգ եկեղեցում դպիրի ծառայություն կատարած ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ ներկայացնում է ոչ միայն հանրությանը ցայսօր անհայտ տեղեկություններ, այլև պարունակում է մարդուն ու հոգևոր աշխարհին առնչվող ուշագրավ բացահայտումներ:

-Որպես կենսաֆիզիկայի ոլորտի գիտաշխատող, ե՞րբ էիք Մոսկվայում, ինչու՞ էիք գնացել այնտեղ:

-Երբ տասնամյակներ առաջ Երևանում աշխատում էի գիտությունների ակադեմիայի փորձարարական կենսաբանության ինստիտուտում (ներկայիս մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ) որպես կրտսեր, իսկ հետո արդեն ավագ գիտաշխատող, 1968 թե 1969 թվականից համատեղ աշխատանք էի կատարում Մոսկվայի համապատասխան գիտական հաստատության հետ: Տարեկան 4-5 անգամ գործուղվում էի Մոսկվա, ամիսներով մնում այնտեղ: Աշխատել եմ նաև Լենինգրադում, մեկ, մեկուկես տարի էլ` Մոսկվայի մարզում, Օկայի ափին գտնվող Պուշչինո ակադեմիական քաղաքում, կենսաֆիզիկայի ինստիտուտում:

Ռուսաստանում աշխատելու ընթացքում կապեր հաստատեցի տարբեր մարդկանց հետ: Բացի գիտականից, ինձ հետաքրքրում էր նաև հոգևոր աշխարհը: Այն ժամանակ ես դեռ քրիստոնյա չէի, հավատքի մեջ յոգայի ճանապարհով էի քայլում, Ռուսաստանում յոգան շատ տարածված էր: Ինձ հաջողվեց Մոսկվայում 1977-78 թվականներին երկու անգամ գաղտնի հանդիպում ունենալ Վիշնուպադայի հետ, որը Ամերիկայում կրիշնա գիտակցության ուսմունքը հիմնադրած ու 12 աշակերտ հավաքած Պրաբհուպադայի 12 աշակերտներից մեկն էր և, ԽՍՀՄ-ից բացի, քարոզչություն էր իրականացնում Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, սոցճամբարի այլ երկրներում` Չեխոսլովակիայում, Լեհաստանում: Պրաբհուպադան իր 12 աշակերտներին բաժանել էր աշխարհով մեկ՝ կրիշնա գիտակցության քարոզչությունն իրականացնելու:

-Իսկ ինչպե՞ս առնչվեցիք կենսադաշտերի խնդրին:

-1978 թվականին մի հետաքրքիր դեպք եղավ. ես և մեր բժշկական ինստիտուտի այն ժամանակվա ռեկտորը` պարոն Ամատունին, որը նույնպես հետաքրքրված էր հոգևոր աշխարհով, «իվՈվՌպ-րՌսՈ» ամսագրից պատահաբար իմացանք ազգությամբ հայ մի գիտնականի` Կրասնոդարից Դավիթ Կիրլյանի ստեղծած սարքի մասին (հայտնի է «Կիրլյանի ապարատ» անունով), որը ցույց էր տալիս մարդու կենսաէներգետիկ դաշտը: Մենք այդ ամսագրից համապատասխան տեղեկությունները վերցնելով՝ այդ ապարատը սարքեցինք և սկսեցինք աշխատել, կամավոր սկզբունքով փորձարկումներ կատարել ուսանողների և այլ մարդկանց վրա: Հետագայում հանդիպեցինք նաև հայտնի ակադեմիկոս Իոսիֆյանի հետ: Խոշոր գիտնականի հետ երկար քննարկում էինք Կիրլյանի ապարատի հետ կապված հարցերը:

Մի օր զանգահարեց Ամատունին, ասաց` Խաչիկ, Մոսկվայից եկել է փիլիսոփա, ակադեմիկոս Սպիրկինը, դասախոսություններ է կարդում կենսադաշտերի մասին, շտապ արի, դասախոսությունը տնտեսագիտական ինստիտուտում ավարտվել է, հիմա գրողների միությունում պետք է լինի: Ես շտապ գնացի գրողների միություն: Սկզբում դասախոսությամբ հանդես եկավ ակադեմիկոս Սպիրկինը, հետո, որպես օրինակներ, ներկայացրեց կրիշնա յոգայի մի հետևորդի` Սերգեյ Միտրոֆանովին և մի ռուս աղջկա:

Սերգեյ Միտրոֆանովն ասաց, որ եթե դահլիճում կա մեկը, որի մարմնի ինչ-որ մասը ցավում է կամ իրեն հիվանդ է զգում, թող բարձրանա բեմ, ինքը կախտորոշի, կախտորոշի նաև դահլիճում չգտնվող այն մարդկանց, որոնց լուսանկարները կներկայացնեն իրեն: Միայն խնդրեց մահացած մարդկանց լուսանկարներ չտալ իրեն: Դահլիճում գտնվող մարդկանց մի մասը բարձրացավ բեմ, լուսանկարներ էլ տվեցին: Թե՛ մարդկանց, թե՛ լուսանկարներին նայելով, Միտրոֆանովն ասում էր, որ նրանք այս-այս հիվանդություններն ունեն, ախտորոշվածներն ընդունում էին, որ իրոք այդպես է, քանի որ նրանք գիտեին նաև իրենց մերձավորների ունեցած հիվանդությունները, այսինքն` ախտորոշումը ճիշտ էր: Մեկի նկարն էլ տվեցին, նայեց, զայրացավ, ասաց` ես ձեզ խնդրեցի, որ մահացած մարդու նկար չտաք, ինձ համար ծանր է:

Պարզվեց, որ իսկապես մահացած մարդու լուսանկար էր տրվել:
Գրողների միությունից իրենք շտապ գնացին Օրբելու վրա գտնվող ֆիզիոթերապիայի և կուրորտոլոգիայի ինստիտուտ, ես և Ամատունին էլ` հետները, Սպիրկինն այնտեղ էլ ինստիտուտի աշխատողներին իր դասախոսությունը կարդաց, բացատրեց ինչ է կենսադաշտը, ովքեր են էքստրասենսները և այլն: Նույնն էր, ինչ գրողների միությունում, մեկը գլխացավ ուներ, անմիջապես գլխացավից ազատեցին և այլն: Նիստի ավարտից հետո, երբ արդեն երեկոյան կողմ էր և էլ ուրիշ տեղ չունեին գնալու, ես և Ամատունին մոտեցանք Սպիրկինին, ասացինք, որ մենք էլ որոշակի հարցերով զբաղվում ենք, սարքել ենք Կիրլյանի ապարատը, փորձել ենք, շատ հետաքրքիր նյութեր կան, անհասկանալի, շատ կուզենայինք ձեզ հետ համագործակցել:

Սպիրկինն իր հասցեն տվեց, խոսեցինք, պայմանավորվեցինք հանդիպել: Սակայն, երբ ինքը վերադարձել էր Մոսկվա, հետագայում նրան կանչել էին գիտությունների ակադեմիա, ԿԳԲ, հարցրել` քեզ ո՞վ է իրավունք տվել, կռիվ էին սարքել, գիտական բոլոր կոչումները նրանից վերցրել: Անգամ 60-ական թվականներին նրա գրած, հրատարակված դասագրքերն արգելեցին, ԽՍՀՄ-ի բոլոր բուհերից, գրադարաններից հավաքեցին:

-Ինչու՞…
-Նա հիմնականում կենսադաշտերի, էքստրասենսների մասին խոսելուց հետո ասում էր, որ մահից հետո կյանք կա, մարդը մեռնում է, հոգի ունի, բաժանվում է… Հավիտենական կյանքի մասին խոսում էր, առանց ասելու` Քրիստոս, Աստված…

Այն ժամանակ Երևանում մի մեծ «փողոցային ակադեմիա» կար` «Առագաստ», «Կոզիրյոկ» և «Սկվազնյաչոկ» սրճարանների եռանկյունը` նկարիչների, փիլիսոփաների և այլ գիտնականների, մտավորականների հավաքավայրը, այն կոչվում էր նաև «Բերմուդյան եռանկյունի», երբ գնում էիր այնտեղ, մի տեղից մի տեղ էիր գնում, հետո մեկ այլ տեղ, օրդ կորչում էր, չէիր կարողանում դուրս գալ: Ես այնտեղ 1978 թվականին մեկի հետ Սպիրկինի հետ հանդիպման և Կիրլյանի էֆեկտի մասին խոսեցի, հետո գնացի գրողների միություն, որտեղ Ռաֆայել Իշխանյանը հանդես էր գալու ուրարտագետների դեմ: Մինչ այդ հանդիպումը մտա գրողների միության դիմաց այն ժամանակ գտնվող հացի խանութ, որում նաև սրճարան կար:

Սուրճ էի խմում, սպասում, որ ժամը գա, գնամ գրողների միություն: Մի անծանոթ տղա մոտեցավ, ասաց` դուք Սպիրկինի հանդիպումներին ներկա եք եղել: Չժխտեցի: Ասաց` Մոսկվայից մարդ է եկել, ուզում է ձեզ հետ հանդիպել: Այն ժամանակ միշտ վախ կար` ԿԳԲ, բան… Մոսկվայից մարդ է եկել, ուզում է ինձ հետ հանդիպել, մտածեցի` ինչու՞, ինչո՞վ եմ արժանացել նրա ուշադրությանը, նույնիսկ մի որոշ ժամանակ վախեցա: Ծանոթացանք, Սամվել էր այդ տղայի անունը, ի վերջո, պայմանավորվեցինք հանդիպել:

Գրողների միության այդ հանդիպումից դուրս գալով, տեսա, որ նա կանգնած է մի ռուս տղամարդու հետ, որը մոտեցավ ինձ, բարևեց, Սամվելը ներկայացրեց նրան` Վիկտոր Իվանովիչ Մեշալկինին, որն ինձ ասաց` կարելի՞ է մի քիչ զրուցենք, շատ եմ ուզում իմանալ` Սպիրկինը որ եկել է Հայաստան, ի՞նչ է ասել: Հարցրի` բայց ինչի՞ համար… Ասաց` ես էլ էքստրասենս եմ, Մոսկվայում այն նույն լաբորատորիայում եմ, որտեղ Սպիրկինն է, բայց ես քրիստոնյա եմ, դրա համար ուզում եմ ձեզ հետ զրուցել:

Նստեցինք սրճարանում, Սամվելին ասացի` չհասկացա, իմ մասին, Սպիրկինի հետ իմ հանդիպման մասին այդքան բան քեզ որտեղի՞ց է հայտնի: Ասաց` դու սրճարանում մի օր խոսում էիր, ես պատահաբար լսել եմ, այս էքստրասենսին իմ քեռին է ուղարկել Մոսկվայից, իմ ոտքերի վիճակը շատ վատ է, եկել է ինձ օգնելու, ես էլ երբ քո մասին հայտնեցի նրան, ասաց` կարո՞ղ ես գտնել այդ մարդուն…

Երբ պատմեցի Սպիրկինի հետ իմ հանդիպումների մասին, Վիկտոր Իվանովիչը հարցրեց, թե նա ու՞մ էր իր հետ բերել, ասացի` Սերգեյ Միտրոֆանովին, կրիշնայական: Ինքն ինձ հարցրեց` իսկ Դուք ի՞նչ մտածելակերպ ունեք, ասացի` անկեղծ ասած, գիտեմ, որ մարդը ստեղծված է, ստեղծողին եմ փնտրում, ես ինքս էլ դեռ չգիտեմ… Վիկտոր Իվանովիչը սկսեց խոսել քրիստոնեությունից, Ավետարանից, որոնց մասին ես այն ժամանակ գրեթե գաղափար չունեի: Ասացի նաև, որ մի անգամ հանդիպել եմ Միտրոֆանովի, այդ կրիշնայականների հետ, ուզում եմ նրանց հետ էլի հանդիպել: Վիկտոր Իվանովիչն ասաց` մի հանդիպիր, խորհուրդ չեմ տալիս, բայց ես ձեզ չեմ կարող պարտադրել…

Զրուցակցիս տեղեկացրի, որ հաճախակի եմ Մոսկվայում լինում, մեր տվյալները փոխանակեցինք, որ երբ այնտեղ լինեմ, հանդիպենք, տարբեր հարցերի շուրջ զրուցեցինք: Ինքը, օրինակ, ասաց` եթե ուզում ես, դուրս գանք փողոց, ես Երևանում առաջին անգամ եմ, ոչ մեկին չեմ ճանաչում, պատահական մարդկանց նույնիսկ դեմքերին չնայեմ, ուղղակի նրանց վրա նայեմ և ասեմ` որը մկրտված է, որը մկրտված չէ, որը բողոքական ծիսակարգով է մկրտված, որը` առաքելական: Զարմացա, հարցրի` ինչպե՞ս, Վիկտոր Իվանովիչ… Ասաց` երբ նայում եմ մարդուն, եթե մկրտված է, նրա գագաթից (գլխի վերևի մասի մեջտեղից, հայտնի է նաև «հոգետուն» անվանումով.- Ա. Հ.) լույսի շիթ է բարձրանում, գնում դեպի տիեզերք, եթե մկրտված չէ, դա չկա, եթե բողոքական է, ապա գլխից բարձրացող այդ գիծը չընդհատվող գիծ չէ, կետագծերի է նման:

-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք քրիստոնեությունն իբրև դեպի Աստված ու փրկությունը տանող ճանապարհ:

-Հետագայում, երբ հերթական անգամ այցելեցի Մոսկվա, ձեռքս առաջին անգամ ընկավ հայերեն Ավետարանը: Այն ժամանակ այսօրվա նման չէր, Ավետարան չկար, ցանկացողները փնտրում էին, ով էլ ուներ, վերաբերվելով որպես սրբության կամ ինչ-որ միստիկ, սնոտիապաշտական վախով, չէր համաձայնում գիրքը տնից դուրս հանել, կարդալու համար ուրիշի տալ: Շատ հին, մաշված Ավետարան էր, կարդացի, հասա այն տեղերին, որտեղ Հիսուսն ասում է` ես եմ դուռը, ես եմ լույսը, ես եմ ճանապարհը, ինձնից դուրս ոչինչ չկա, ինձնից առաջ եկել են գողեր, հետո գալու են ավազակներ… Այս հատվածները կարդացել էի, երբ այդ Վիշնուպադան նորից եկավ Ռուսաստան: Ինքը սկանդինավցի էր, երկու մետր բոյ ուներ, հաղթանդամ, սպիտակամաշկ մարդ էր և հանդիպումների ժամանակ սպիտակ հագուստ էր հագնում: Նրա հետ հանդիպման ժամանակ ասացի` գուրու (հոգևոր ուսուցիչ.- Ա. Հ.), ներողություն, մի բան եմ ուզում ձեզ հարցնել: Ասաց` ասա:

Ասացի` եթե հիմա կողքիս նստած մարդն ասի` Գուրու, Խաչիկը շատ վատ մարդ է, խաբեբա է, գող է, ավազակ է, ես էլ շուռ գամ ասեմ` գուրու ջան, այս մարդը լավ մարդ է, ինքը շատ բարի է, ուսուցիչ է, այդ ժամանակ ես իրականում ո՞վ եմ… Ասաց` նշանակում է` դու շատ վատ, այլանդակ կարմայով անձնավորություն ես: Ասացի` հաստա՞տ…

Ասաց` հաստատ: Ես այդ հարցը տվեցի նրան, որովհետև Ավետարանը կարդալով, հասկացա, որ Քրիստոսն է ամեն ինչ, Քրիստոսից դուրս բան չկա, իսկ ինքն էլ միշտ ասում էր` Հիսուսը մեր երկնային ավատարն է, այսինքն` առաջնորդը: Ասում էր նաև, որ եթե նա այս հարթության մեջ Քրիստոսն է, մի քիչ իջնելու դեպքում դառնում է Մուհամեդ, մի քիչ բարձրանա վերև, կլինի Կրիշնա, այսինքն` այդ բոլորը նույն ինքն է, բայց տարբեր հարթությունների մեջ տարբեր որակներով և անուններով: Ասում էր` Հիսուսը մեր ուսուցիչն է, մեր առաջնորդն է, ինքն էլ այսպես է, այնպես է, որովհետև գիտեր, որ հայ եմ, հայ ժողովուրդն էլ հիմնականում և ավանդաբար քրիստոնյա է: Բացի այդ, մեզ հետ ռուսներ կային, որոնք նույնպես քրիստոնյա ժողովրդի ներկայացուցիչներ էին:

Երբ Վիշնուպադան հաստատեց իմ հարցին տված իր պատասխանը, ասացի` այդ ժամանակ Դուք աշխարհի ամենավատ մարդն եք, հարցրեց` ինչու՞: Ասացի` որովհետև Քրիստոսն ասում է` ես եմ ճանապարհը, ես եմ լույսը, ես եմ կյանքը, ես եմ հացը, ես եմ դուռը, ինձնից առաջ եկել են գողեր, հետո գալու են ավազակներ:

Եթե դուք ասում եք՝ Հիսուսը ձեր ավատարն է, նա Աստված է, բայց մի քիչ ցածր ռանգի, եթե ձեր ուսուցիչն է, ուրեմն ճշմարտախոս է, Հիսուսն էլ ասում է` դուք խաբեբա եք, ուրեմն դուք խաբեբա եք: Այս որ ասացի, այդ սկանդինավցին նստած տեղից վեր կացավ, կանգնեց, երկու ձեռքով խփեց սեղանին, սեղանը ճռռաց, քիչ էր մնում ջարդվեր, ինքն էլ ձգվեց, թեքվեց իմ ուղղությամբ, դիմացի սեղանին էի նստած, իր երկումետրանոց բոյով կախվեց վրաս ու գոռաց, ասաց` այդ Ավետարանը վառել է պետք, ջնջել է պետք, արյունով ստեղծված է, ինչքան վառեցինք, չկարողացանք պրծնել այդ Ավետարանից… Ես սկսեցի ծիծաղել:

Հարցրեց` ինչու՞ ես ծիծաղում, ասացի, որովհետև ես հասկացա, եթե սկզբից ասեիք, որ Քրիստոսը վատն է, կարող է ես այսօր ձեր կողքին մնայի, բայց երբ խաբելով ասում էիք` Քրիստոսը մեր ուսուցիչներից մեկն է, ավատարն է, այս է, այն է, երկնային է, իսկ Հիսուսն էլ ավելի վաղ ասել է` ինձնից բացի, ոչ ոք չկա, միայն ես եմ, ես եմ ճանապարհը, ես եմ դուռը, ստացվում է, որ դուք իսկապես խաբեբա եք, սկզբից ճիշտ չեք ասել, ինձ, որպես քրիստոնյա ազգի ներկայացուցչի, քրիստոնեությունից խլելու համար խաբել եք, Քրիստոսին Ձեզ առաջնորդ ներկայացրել, բայց իրականում Ձեր մեջ ատելություն կա դեպի Քրիստոսը: Ասացի նաև, որ ես հասկացա` ճշմարիտ ճանապարհը քրիստոնեությունն է, ես դուրս եմ գալիս ու, դուռը շրխկացնելով, դուրս եկա, վերադարձա Երևան:

Աղբյուրը՝ Իրատես
Հարցազրույցը` 
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ