Ի՞նչ է նշանակում՝ մինչև հիմա արել եք, այլեւս չանեք
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասում է, որ եթե նախագահ Սերժ Սարգսյանը համայնքապետերի վերաբերյալ հայտարարությունն անում է ուղղակի հայտարարելու համար, ապա ոչ ոքի վստահություն չի ներշնչի, թե ապրիլից նոր Հայաստան է լինելու:
«Ասվում է՝ գիտեք ինչ՝ հայտնի է մեզ համար, որ տեղական ինքնակառավարման մարմիններում չարաշահումներ կան: Հստակ դատական գործ է դա: Ի՞նչ է նշանակում՝ հայտնի է, որ մինչև հիմա արել եք և այլևս չանեք: Ամեն ընտրություններից առաջ ասում են, որ նոր խաղի կանոններ են սկսում, հիմա այդ խաղի կանոններում ոչ դեմքերը, ոչ մարդիկ չեն փոխվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Արամ Սարգսյանը մատնացույց արեց տեղական ինքնակառավարման ընտրությունները, մասնավորապես Վանաձորի դեպքը: «Իմ կարծիքով՝ հանցագործության մասին հաղորդում էր սա, մանավանդ երբ ասվում է՝ այլևս ինձ ոչ ոք չմոտենա խնդրանքով, այսինքն՝ մինչև էտ մոտեցել են խնդրանքով, դա առաջին դեմքի մոտեցում չէ: Այդ ամեն ինչի լուծումները պետք է նայել գլոբալի մեջ, նախ երկրի տնտեսությունը պետք է տեղից պոկել, ապա մանր ու միջին, ծանոթ-բարեկամ-ընկեր փոխհարաբերություններում խնդիրները փորձել լուծել, հարթել, դնել այլ մակարդակի վրա»,-հավելեց նա:
Պատգամավորը, սակայն, չի հավատում, որ այս իշխանության պարագայում կարող են լինել նման համայնքապետեր: «Եթե ոչինչ չի փոխվում, բայց ամեն ինչ ասվում է, ասվելով սայլը տեղից չի շարժվում, իսկ դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս»: