Հայաստանը հետաքրքրված է, որ ռուսական խոշոր ընկերությունները մուտք գործեն հայկական շուկա. Արթուր Բաղդասարյան
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ”ՌՈՍՏԵԽ” կորպորացիայի միջազգային կապերի դեպարտամենտի պատվիրակությանը` Ալեքսեյ Իվանովի գլխավորությամբ:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության Անվտանգության խորհուրդների միջև համագործակցության շրջանակում ստորգրված արձանագրության` կքննարկվեն Հայաստանում “ՌՈՍՏԵԽ”-ի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները:
Արթուր Բաղդասարյանի խոսքով` Հայաստանը հետաքրքրված է, որ ռուսական խոշոր ընկերությունները մուտք գործեն հայկական շուկա: Եվ, այդուհանդերձ, պետք է ընտրել այն ոլորտները, որտեղ առկա են որոշակի տնտեսական հնարավորություններ և որոնք շահավետ են ներդրումներ իրականացնելու համար:
Կողմերը դիտարկել են մի շարք ոլորտների զարգացման պոտենցիալը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ առաջիկայում ներդրումներ իրականացնելու և համատեղ գործունեության ծավալելու համար:
Ալեքսեյ Իվանովն իր խոսքում նշել է, որ առկա է պատրաստակամություն և հետաքրքրություն հայաստանյան ընկերությունների հետ համատեղ աշխատելու համար:
Ձեռք է բերվել պայամանավորվածություն առաջիկայում երկկողմ ձևաչափով մասնագիտական հանդիպումներ կազմակերպելու և ներդրումային կոնկրետ ծրագրեր քննարկելու համար: