Էմման մեր երկրի սիրահարն է. երիտասարդ նկարչուհին հուզել է բոլորին
Հոկտեմբերի 25-ին, Հայաստանի նկարիչների միության տանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի նկարների երկրորդ ցուցահանդեսը:
Արվեստասերների դատին հանձնվեց 40 կտավ-յուղաներկ: Երիտասարդ նկարչուհին իր մտածելակերպով, գույների ու կերպարների համադրությամբ տարբերվում է շատ-շատերից:
Ինչպես նշեց ցուցահանդեսի մասնակից՝ պրոդյուսեր ու սցենարիստ Արփի Վանյանը, Էմմայի նկարները պատմում են այն ամենը, ինչի մասին բոլորս գիտենք, բայց լռում ենք:
Այո, նկարչուհու ընտրած թեմաները սոցիալական են, մեզ հուզող առօրյա կյանքն է պատկերված նրա կտավներում: ՀՀ Վաստակավոր արտիստուհի Գայանե Մկրտչյանը նկատեց, որ Էմմայի նկարներում ցավ ու կսկիծ կա, տառապանք ու գեղեցիկի մասին երազանք:
Երիտասարդ նկարչուհու կտավները անտարբեր չթողեցին ոչ ոքի, ուրախալի է, որ նրա գործերը նայելու էին եկել նաև երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ, դերասաններ, ապագա նկարիչներ, ստեղծագործող մարդիկ և նրանք բոլորն էլ միաբերան նշում էին, որ Էմմա Թումանյանը ինքնատիպ մտածելակերպով և ուրույն վրձին ունեցող նկարչուհի է:
Կա մի հանգամանք ևս, որը հպարտանալու և ուրախանալու տեղիք է տալիս: Արտասահմանյան տարբեր կազմակերպություններից ցանկություն են հայտնել նրա նկարների ցուցահանդես-վաճառք կազմակերպել իրենց մոտ, սակայն Էմման նախընտրել է ցուցահանդես կազմակերպել իր երկրում, ի սիրելի քաղաքում:
-Էմման մեր երկրի սիրահարն է,-ասում է նրա հայրը՝ Կարեն Թումանյանը,-նա մի մեծ երազանք ունի. տեսնել մեր երկիրը ծաղկուն, իսկ մարդկանց՝ ձերբազատված ցավից ու տառապանքից՛՛:
Շնորհավորելով երիտասարդ նկարչուհուն՝ ցանկանում ենք, որ նրա այս և ապագա այլ աշխատանքներ սիրված ու ճանաչված դառնան ամբողջ աշխարհում: