17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի ազգային անվտանգության 3 խնդիրները

Նոյեմբերի 19-20-ը Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՛՛21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները՛՛ խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը:

Համաժողովին ելույթով հանդես եկավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` անդրադարձ կատարելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, մասնավորապես` արտաքին անվտանգության հիմնական ուղղություններին, դրանց դեմ ուղղված արդի սպառնալիքներին ու մարտահրավերներին:

Արթուր Բաղդասարյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչները, մասնավորապես` համագործակցությունը Եվրոպական և այլ միջազգային անվտանգության, քաղաքական ու տնտեսական կառույցների հետ, ՀՀ եվրաինտեգրման գործընթացը, այդ թվում` ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում, գործընկերությունը ՀԱՊԿ շրջանակներում, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը:

Արթուր Բաղդասարյանը իր ելույթում նշեց Հայաստանի ազգային անվտանգության համար առաջնային նշանակություն ունեցող 3 հիմնական խնդիրները.

՛՛Առաջին հերթին ռազմական անվտանգության ապահովումն է: Պետությունը պետք է իր ռազմական և քաղաքական ինստիտուտներով պատրաստ լինի դիմակայել ցանկացած ոտնձգության կամ ռազմական ագրեսիայի: Երկրորդը` երկրի տնտեսական անվտանգության ապահովումն է: Մենք պետք է կարողանանք ապահովել էներգետիկ, պարենային, տրանսպորտային, տեղեկատվական անվտանգությունը: Երրորդը սոցիալական և դեմոգրաֆիական անվտանգությունն է, որն ունի հիմնարար նշանակություն՛՛:

Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ այս ուղղությամբ կատարված և կատարվելիք խնդիրներին, ինչպես նաև ներքին անվտանգության հարցերին, այդ թվում` բարեփոխումների ռազմավարական քաղաքականությանը, որոնք իրականացվում են Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում.

՛՛Մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացումը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդումը: Դա նպաստում է մեր երկրի համընդգրկուն անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը՛՛,- իր խոսքը եզրափակեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ելույթում Արթուր Բաղդասարյանը անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, սիրիահայերի անվտանգության խնդիրներին, տարածաշրջանային այլ հիմնախնդիրների:

Համաժողովին ելույթներ ունեցան նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը և այլոք: Ելույթներում լայն անդրադարձ եղավ Հայաստանի անվտանգության խնդիրներին առնչվող տարաբնույթ հիմնահարցերի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ