06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նստաշրջանի ընթացքում

Պարոն նախագահ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ, ցանկանում եմ միանալ նախորդ բանախոսներին և շնորհավորել Չինաստանի կրթության փոխնախարար պարոն Հաո Փինգին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախկին նախագահ տիկին Կատալին Բոգյային։

Պարոն նախագահ,

Երկու տարին մեկ անգամ մենք հավաքվում ենք վերահաստատելու այս կազմակերպության հիմնադրման տեսլականը. ձգտումը խաղաղության և մարդկության գաղափարներին` կրթության, գիտության և կայուն զարգացման, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունների միջոցով։
Անցած տարի Հայաստանը նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցության 20-ամյակը։ Անդամակցությունից ի վեր Հայաստանը, որպես հանձնառու անդամ, ավելի ու ավելի է ներգրավվում կազմակերպության գործունեության և ծրագրերի մեջ՝ առաջ մղելով նրա սկզբունքները և արժեքները։

Պարոն նախագահ,

Հայաստանը իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «Կրթությունը՝ առաջնայնություն» նախաձեռնությանը, որում ՅՈՒՆԵՍԿՕ-ն առանցքային դերակատարություն ունի։ Այս առումով, մեզ համար թե´ պատիվ, թե´ պատասխանատվություն է լինել Կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ։
Մենք ողջունում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը ներառական սոցիալական զարգացման և միջմշակութային երկխոսության նկատմամբ, ինչն արտացոլված է կազմակերպության նոր Միջնաժամկետ ռազմավարության նպատակներում։ Դժվար է պատկերացնել ժամանակակից զարգացումն առանց կրթության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նմանատիպ համագործակցությունն առաջ մղելու գործում հիմնարար դեր է կատարում համաշխարհային ցանցերի միջոցով՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները և «Ասոցացված դպրոցների ցանցերը», որոնցում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է։ Մենք համարում ենք այս ծրագրերը փոխշահավետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և անդամ-պետությունների համար և կխրախուսեինք ծրագրերի իրականացումը տեղական ցանցերի հաղորդակցության հետագա բարելավման և դրանց հնարավորությունների ավելի արդյունավետ օգտագործման միջոցով։

Պարոն նախագահ,

Անցած տարին հիշարժան էր Հայաստանի համար, քանի որ Երևանը դարձավ Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաքը։ Տարվա ընթացքում Երևանը հանդիպման վայր էր ամբողջ աշխարհից հայտնի գրողների, լրագրողների, հրատարակիչների, գրադարանավարների և գրքասերների համար։

Այս կարևոր իրադարձությունը համընկավ մեկ այլ, նշանակալի տոնակատարության՝ հայոց գրատպության 500-ամյակի հետ։ Հայերը Գուտենբերգի գյուտի առաջին օգտագործողներից էին և սկսած 1512թ.-ից տպարաններ հիմնադրեցին աշխարհով մեկ։ Առաջին հայերեն գիրքը տպագրվեց 1512թ-ին Վենետիկում, իսկ առաջին տպագիր ամսագիրը՝ 1794թ.-ին Մադրասում։ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը աշխարհին ներկայացնող մեկ տարի շարունակվող միջոցառումները նշանավորվեցին ավելի քան հազարամյա «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառմամբ։

Հռչակավոր հայ բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովայի 300-ամյակի տոնակատարությունները ներառվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. տարեդարձների ցանկում։ Սայաթ-Նովան նշանակալի ներդրում է ունեցել ոչ միայն հայկական, այլև մեր տարածաշրջանի մշակութային ժառանգության մեջ։

Այս տարվա հունիսին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներառումն ՛՛Աշխարհի հիշողությունը՛՛ միջազգային գրանցամատյանում հարգանքի պատշաճ տուրք էր կոմպոզիտորի ժառանգությանը՝ 2013 թ.-ին նրա ծննդյան 110-րդ տարեդարձի կապակցությամբ։

Պարոն նախագահ,

Մենք մեծապես գնահատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում։

Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը՝ իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարը:

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը:

Նախիջևանում ադրբեջանցիների կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների նրբորեն պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը նման հանցագործության բացահայտ դրսևորումն է: Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

Մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձերը՝ Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու, արհամարհվել, մերժվել են Ադրբեջանի կողմից:

Պարոն նախագահ,

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան նշում են, որ «Կրթությունը պետք է տարածի փոխըմբռնում, հանդուրժողականություն և բարեկամություն բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև»: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուրույն դերը կրթության բնագավառում՝ մենք կոչ ենք անում կազմակերպությանն՝ իր կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծելու մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ-պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը:

Ավելի քան երեսուն դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին՝ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն:

Պարոն նախագահ,

Միայն միջազգային հանրության համակարգված ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հետամուտ լինել խաղաղության և հումանիզմի գաղափարներին` կրթության, գիտության, կայուն զարգացման, միջմշակութային և միջկրոնական երկխոսության միջոցով:

Հայաստանը լիովին հավատարիմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին ու նպատակներին և շարունակելու է ընդլայնել իր ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնություններում և ծրագրերում:

Շնորհակալություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ