Մի կերպ յոլա ենք գնում էլի. Ատղաձորի համայնքապետ
Ինչպես հայտնի է, ԱԺ-ն հաստատել է Սեւանից հավելյալ 100 միլիոն մ³ լրացուցիչ ջուր վերցնելու նախագիծը ՝ հավատացնելով` ֆերմերների հոգսերը թեթեւացնելու համար են գնում այս քայլին, բայց մի շարք համայնքներից ահազանգեր ենք ստանում, որ ջուր չկա, եւ իրենց բերքն ամբողջությամբ չուրանում է:
Բնապահպան Ինգա Զարաֆյանն օրերս իր հարցազրույցներից մեկում նշել է` բնապահպանները եղել են Աստղաձոր համայնքում, որտեղ ջուրը Սեւանից պոմպակայաններով է հասնում. պոմպակայանը հին է, կառուցվել է մոտ 40 տարի առաջ, այս տարի ընդհանրապես՝ թեկուզ մասնակի չի վերանորոգվել, եւ լինում են ջրի կորուստներ:
Henaran.am-ի հետ զրույցում Աստղաձորի համայքապետ Ռոբերտ Խաչատրյանն ասաց՝ պոմպակայանի հետ կապված՝ որոշակի խնդիրներ, բնականաբար, կան, բայց նախկինում վիճակն է՛լ ավելի վատ էր, այնպես որ, հիմա իրավիճակը համեմատաբար ավելի լավ է:
«Այդ պոմպակայանով չենք կարողանում ամբողջ գյուղի հողատարածքները ոռոգել, ուստի մենք ինքսներս էլ փորձում ենք մեր միջոցներով ինչ-որ տարբերակներ գտնել այս իրավիճակը հաղթահարելու համար. խորքային հորեր ենք փորում, փորձում ենք այդ ճանապարհով ջուր ստանալ ու ոռոգել մեր հողարատածքները: Մի կերպ յոլա ենք գնում էլի», – եզրափակեց Աստղաձորի համայնքապետը: