ՀՀ կառավարությունը չի զավթի լուսինը. որոշումն ընդունվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց հավանություն տալ 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հարցը, նկատենք, չզեկուցվեց:
Իսկ նախագծի նկարագրի մեջ գրված է, որ նախագծին կողմ պետությունները պետք է օգտագործեն Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով։
- Լուսնի վրա արգելվում է ուժի ցանկացած գործադրում, ուժի գործադրման ցանկացած սպառնալիք, թշնամական գործողություն կամ թշնամական գործողությունների սպառնալիք։ Նմանապես, արգելվում է Լուսինն օգտագործել այդպիսի գործողություններ իրականացնելու համար, կամ ցանկացած նմանատիպ սպառնալիք ներկայացնել երկրագնդի, Լուսնի, տիեզերանավերի, տիեզերանավերի անձնակազմերի կամ մարդու կողմից ստեղծված տիեզերական օբյեկտների համար։
- Կողմ պետությունները չպետք է Լուսնի ուղեծրում կամ դեպի Լուսին կամ Լուսնի շուրջ թռիչքի այլ հետագծերի վրա տեղակայեն միջուկային զենք կամ ցանկացած այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք. նրանք նաև չպետք է տեղակայեն կամ օգտագործեն այդպիսի զենք Լուսնի վրա կամ նրա ընդերքում։
- Լուսնի վրա արգելվում է ռազմական բազաների, օբյեկտների և ամրաշինությունների հիմնումը, ցանկացած տեսակի զենքի փորձարկումն ու ռազմական զորախաղերի անցկացումը։ Գիտական հետազոտությունների համար կամ ցանկացած այլ խաղաղ նպատակներով զինվորական անձնակազմի օգտագործումը չի արգելվում։ Լուսնի հետազոտման և օգտագործման համար անհրաժեշտ ցանկացած սարքավորման կամ հարմարության օգտագործումը չի արգելվում։
Նաև`
- Լուսնի հետազոտումը և օգտագործումը վերապահվում է ամբողջ մարդկությանը և պետք է տեղի ունենա ի շահ բոլոր պետությունների՝ անկախ նրանց գիտական կամ տնտեսական զարգացման աստիճանից։ Պատշաճ կերպով հաշվի են առնվում ներկա և ապագա սերունդների շահերը, ինչպես նաև, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն, կենսապայմանները բարելավելու և տնտեսական ու սոցիալական առաջընթացը և զարգացումը խթանելու անհրաժեշտությունը։
- Լուսնի հետազոտման և օգտագործման հետ կապված բոլոր մյուս գործողությունների առնչությամբ Կողմ պետությունները պետք է առաջնորդվեն համագործակցության և փոխադարձ օգնության սկզբունքներով։ Սույն Համաձայնագրի համաձայն՝ միջազգային համագործակցությունը պետք է լինի հնարավորինս ընդգրկուն և կարող է իրականացվել բազմակողմանիորեն, երկկողմանիորեն կամ միջազգային միջկառավարական կազմակերպությունների միջոցով։