Հայաստանի ատոմակայանը 2 օր շուտ վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
ՀԱԷԿ-ից հայտնում են, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում աշխատանքների ավարտը և էներգաբլոկի միացումը էներգահամակարգին նախատեսվում էր հուլիսի 9-ին ժամը 15.30-ին, սակայն օպերատիվ ու որակյալ աշխատանքի իրականացման արդյունքում էներգաբլոկը միացավ ՀՀ էներգահամակարգին 55 ժամ շուտ, հուլիսի 7-ին ժամը 07.40:
Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանը էներգաարտադրության ցանցից դուրս է բերվել մայիսի 10-ին,՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։