Քրիստոսն ասաց, թե ում է Աստված մոտենում
«Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին»:
(Մատթեոս 9:12)
Հիսուս հաճախ էր շփվում և սեղան նստում մեղավորների հետ, ինչի համար Նրան փարիսեցիները քննադատում էին։ Հիսուս պարզապես պատասխանում է, որ Ինքը լինում է այնտեղ, որտեղ Իր կարիքը կա։ Օրինակ՝ անհասկանալի կլինի, եթե բժիշկը գնա առողջ մարդու տուն։ Հիսուսի կարիքն ունեին մեղավորները և Նա մեղավորների կողքին էր։
Երբ Հիսուս ասաց, որ առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին և Ինքը եկել է մեղավորների համար, չի նշանակում, որ կային մարդիկ, ովքեր սուրբ էին և կարիք չունեին փրկության։ Մյուս կողմից՝ Նա նկատի չուներ, որ բարի ու արդար մարդիկ իրեն չէին հետաքրքրում։ Հիսուս կանչում է նրանց, ովքեր գիտակցում են իրենց մեղքը և զգում Տիրոջ կարիքը։
Փարիսեցիներն ավելի մտածում էին իրենց արդարության, քան դիմացինին օգնելու մասին։ Սա նման է նրան, որ բժիշկը չի գնում հիվանդի մոտ, որպեսզի չվարակվի։ Փարիսեցիները ոչ թե դիմացինին ճիշտ ճանապարհն էին ցույց տալիս, այլ՝ քննադատում մեղավորին։ Դիմացինին ներելու փոխարեն դատում էին։
Իսկ Հիսուս սովորեցնում է, որ կարելի է ձգտել ամեն գնով պահել օրենքը, բայց երբ պատարաստ չես դիմացինին օգնելու, չես կարող Աստծո զավակ լինել։
Տեր Եսայի քահանա Արթենյան