Նրանց աստվածն իրենց որովայնն է
…Դեռևս Ալեքսանդր Մակեդոնացին` մահից առաջ պատվիրել էր, որ իր ձեռքերը դագաղից հանած տանեն և հուղարկավորեն, որ բոլորը տեսնեն, որ այս աշխարհից ոչինչ չի տանում:
Բայց մարդ արարածը կուրացել է, փողը սարքել է աստված, իսկ փորը` պաշտամունքի առարկա: Վտանգավոր են այսպիսի մարդիկ հասարակության համար և ատելի` Աստծուն:
Քրիստոսի ողջ կյանքն ու գործունեությունը բովանդակ մարդկության համար էին` որպես օրինակ. Արարչի ձայնին քչերը ունկնդիր եղան:
Միայն պաշտոնական դիրքը աշխարհում, կոչումը չեն բնորոշում մարդու մարդ լինելը, այլ քրիստոնեական վարքագիծը, Քրիստոսի հետքերով գնալը դրացուն կամ բարեկամին ձեռք մեկնելը:
Հայտնի առակում հստակ սահմանագծված է.
«Ասում են` մի մարդ իր զավակին ասում է, որ մարդ չի դառնա, և ժամանակներ անց զավակը դառնում է թագավոր։ Փառքի կուրության մեջ նա հորը կանչում է իր մոտ և ասում.
-Հա՛յր, դու ինձ ասացիր, որ մարդ չեմ դառնա. տե՛ս` թագավոր եմ դարձել։
Հայրը, մեղմ ժպտալով, պատասխանում է.
-Ես չեմ ասել` թագավոր չես դառնա, այլ մա՛րդ չես դառնա»:
«Մարդ» բնորոշումը քչերին է վերապահված, և շատերին` տմարդի երևույթը: Հավատի հիմքը Աստվածաշունչն է և Քրիստոսի վարդապետությունը, որը մարդուն մարդ է դարձնում և պատրաստում հավիտենական կյանքի…:
Վերցված է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի «Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը` իրենց ամոթը» քարոզից