Եկեղեցին թանգարանի կվերածվի. Արամ Ա-ն մատնանշեց

՛՛7-րդ դարում Ներսես Գ. Իշխանցի Կաթողիկոսը Վարդավառի տոնին խորապէս վրդովվեց տեսնելով եկեղեցու ներսում կատարվող աններդաշնակ ծիսակատարությունը: Այս դառը փորձությունը Հայրապետին մղում է գումարել Դվինի երկրորդ ժողովը 648-ին և հաստատելու մի շարք կանոններ հայ եկեղեցու ծիսական, բարոյական և դավանաբանական մարզերին առնչվելով:
Եթե այսօր Ներսէս Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկնքից իջնելով շրջեր մեր եկեղեցիների ներսում, ապա վստահաբար դարձյալ պիտի ընդվզեր տեսնելով մեր եկեղեցում պարզած վատառողջ վիճակը՛՛,-այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին ասաց Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն:
Կաթողիկոսը նշեց, որ պատմության ընթացքում մեր եկեղեցին շատ խնդիրների դեմ է պայքարել, սակայն հիմա շատ տարբերություն կա նախկինում և հիմա եկեղեցու առջև ծագած մարտահրաւվերների միջև:
՛՛ Արդարեւ, եկեղեցին կը վերածուի թանգարանի, եթէ չվերանորոգուի: Եկեղեցւոյ բարեկարգութիւնը ու վերանորոգումը պէտք է սկսի ծէսով, որովհետեւ եկեղեցւոյ կեանքի բոլոր տարածքներուն, բնագաւառներուն ու արտայայտութիւններուն մէջ, ներառեալ եկեղեցւոյ աստուածաբանական մտածողութիւնը ու դաւանաբանական ուսուցումները, ծէսը կեդրոնական տեղ ու առանցքային դեր ունի:
Անհրաժեշտ է սակայն, որ մեր եկեղեցւոյ ծիսական կեանքը բարեկարգելու ձգտող մեր աշխատանքը կատարուի մեր եկեղեցւոյ ինքնահասկացողութեան խորքին վրայ:
Արդարեւ, ոմանք հայ եկեղեցին կը նկատեն լոկ հոգեւոր կառոյց, ուրիշներ` ազգային հաստատութիւն: Աշխարհականներու գործօն ներկայութիւնը մեր եկեղեցիէն ներս ոմանք տարօրինակ կը գտնեն, ուրիշներ` բնական. ոմանք հոգեւորականներու ազդու դերակատարութիւնը կը նկատեն դրական, ուրիշներ՝ անընդունելի:
Այս հակադիր մօտեցումները տեսական կամ պարագայական չեն: Անոնք սերտօրէն առնչուած են մեր եկեղեցւոյ պատմական զարգացման հոլովոյթին՛՛,-շեշտեց նա:
՛՛Անկասկած, ընկերութեան կեանքին մէջ ինքզինք արտայայտող եկեղեցին կարիքը ունի վարչակազմակերպչական դրութեան, ինքնարտայայտման կերպերու ու իր գոյատեւումը ապահովող կառոյցներու:
Սակայն եկեղեցին իր էութեամբ հոգեւոր ու բարոյական արժէքներով ու ճշմարտութիւններով շաղախուած ժողովուրդի համայնական կեանքն է: Եկեղեցի շինելը բնականաբար կարեւոր է, սակայն եկեղեցի դառնալը շատ աւելի կարեւոր է՛՛,-հավելեց Արամ Ա-ն:
Ապա Վեհափառը ներկայացրեց այն 4 կետերը, որոնք, իր կարծիքով, անհրաժեշտ է պահպանել առաջին հերթին: Նախևառաջ հարկ է Եպիսկոպոսաց Ժողովը վերածել հավաքական գործընթացի:
Բացի այդ անհրաժեշտ է հավատարիմ մնալ հայ եկեղեցու անցյալի ավանդույթներին` միաժամանակ դրանք համահաունչ դարձնելով ներկա ժամանակներին՝ Արամ Աժի խոսքով:
՛՛Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ համաքրիստոնէական արժէքներուն, սկզբունքներուն ու աւանդութիւններուն` միաժամանակ ըլլալով նախանձախնդիր հայ եկեղեցւոյ իւրայատուկ ինքնութեան:
Անհրաժեշտ է հաւատարիմ մնալ հայ եկեղեցւոյ ամբողջականութեան ու միութեան անվթար պահպանման` միաժամանակ ոչ–հիմնական հարցերուն գծով զգայնութիւն ու ճկունութիւն ցուցաբերելով տեղական իւրայատուկ պայմաններուն նկատմամբ:
Այսօր երբ մէկը շրջագայի մեր եկեղեցիներէն ներս, ինքզինք դէմ յանդիման պիտի գտնէ ակնյայտ հակասութիւններու ու տարբերութիւններու` յատկապէս արարողական ձեւերուն, ծիսական աւանդութիւններուն ու երաժշտական եղանակներուն կապուած: Արդ, անհրաժեշտ է կատարել յստակեցում, սրբագրում, դասաւորում ու զտում` մեր եկեղեցւոյ ամբողջականութիւնը վերաշեշտող՛՛,-պարզաբանեց Կաթողիկոսը:
Նա կարծում է, որ հաջողության ճանապարհը սկսվում է ինքնաքննադատությունից, և դրա համար մենք պետք է կարողանանք մեր վերքերը ճիշտ տեսնել, իսկ ցավերը՝ ճիշտ զգալ:
Ելույթի ավարտին Վեհափառը կոչ արեց չհուսալքվել և անցնել դժվարին աշխատանքի կատարմանը: