«Հարկավոր է տեսնել ինչպես վատը, այնպես էլ լավը»
Այս պահին Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը քարոզարշավ է իրականացնում Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Լրագրողների հետ զրույցում վերջինս շեշտեց՝ Երևանը ապրող, շնչող օրգանիզմ է և այն, բնականաբար, առաջ ընթանալու ու զարգանալու հնարավորություններ ունի:
«Հաջորդ հինգ տարվա ՝ մեր զարգացման ծրագիրը ներկայացրել ենք հանրությանը: Դա ավելի լավ Երևան ունենալու շարունակությունն է: Միշտ էլ անելիքներ կան: Քաղաքային իշխանությունը պիտի իմանա քաղաքի խնդիրների մասին և հասկանա՝ ինչպես կարելի է լուծել տվյալ խնդիրները», – նշեց Տարոն Մարգարյանը՝ շեշտելով՝ ընդդիմադիրները միայն վատն են տեսնում, բայց չէ՞ որ լավն էլ կա, ուստի հարկավոր է տեսնել ինչպես վատը, այնպես էլ լավը, դրականը: