«Այս ընտրապայքարին հիմնականում «Ելք»-ն ու ՀՀԿ-ն են մասնակցում»
««Ելք» դաշինքի դիրքորոշումը՝ ընտրությունների հետ կապված, հավանաբար, շատերին է ծանոթ, և այն չի փոխվել: Ես կարող եմ ասել՝ ամեն բան մեզանից է կախված՝ սկսած քարոզարշավից, վերջացրած ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելուց: Մենք պետք է ջանանք անել այնպես, որ ընտրախախտումներ չլինեն», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Էդուարդ Աղաջանյանը:
Վերջինս շեշտեց՝ իշխող կուսակցության ձեռագիրը չի փոխվել, իսկ ընտրակաշառքի բաժանման պրոցեսը, բնականաբար, բացառել պետք չէ:
«Ընտրակաշառքի բաժանման դեպքերը չեն դադարի, բայց մեզանից է կախված այն, որ կարողանանք ժողովրդին համոզել, բացատրել, որ քվեն վաճառել չի կարելի: «Ելք»-ի շանսերը բարձր եմ գնահատում, քանի որ մենք Երևանում ամենաշատ ձայնքերը հավաքեցինք՝ գրեթե 15 տոկոս: Մեծ հաշվով՝ կարող եմ ասել՝ այս ընտրապայքարին հիմնականում «Ելք»-ն ու ՀՀԿ-ն են մասնակցում: Ես ամենայն հարգանքով եմ վերաբերում Զարուհի Փոստանջյանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին, պարզապես հասկանալի է՝ նոր ձևավորված կուսակցություն է, և նրանք ֆիզիկապես չեն հասցնի պատրաստվել, քանի որ, իսկապես, կազմակերպչական բազմաթիվ խնդիրներ կան: Այսինքն, քանի որ, մեծ հաշվով, այս ընտրություններին «Ելք»-ն ու ՀՀԿ-ն են մասնակցում, «Ելք»-ը շատ մեծ շանսեր ունի՝ ամբողջ ընդդիմադիր էլեկտորատին միավորելու համար: Ճիշտ, գրագետ, պոզիտիվ քարոզարշավ անցկացնելու դեպքում «Ելք»-ը մեծ շանսեր կունենա ընտրությունների արդյունքում հաղթանակ գրանցելու ու քաղաքապետ ունենալու համար՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի», – եզրափակեց Էդուարդ Աղաջանյանը: