Ինչ է առաջարկում «Ելք»-ը հաշմանդամներին
«Նախընտրական քարոզարշավի մեկնարկին մենք կհրապարակենք մեր ծրագիրը: Պետք է ասեմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին վերաբերող ծրագրերը միասին ենք մշակել. ծրագրային հիմնական դրույթները ես եմ առաջարկել, քանի որ այդ հարցում որոշակի փորձ ունեմ, բացի այդ՝ ինքս էլ հաշմանդամություն ունեցող անձ եմ և գիտեմ՝ ինչ խնդիրների կարող է բախվել հաշմանդամություն ունեցող անձը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Բաթոյանը:
Վերջինս շեշտեց՝ վերոնշյալ ծրագրում հստակ նշված է՝ ինչ փոփոխություններ են արվելու. այդ ամենի համար քայլեր են մշակվել ու հաշվարկվել բոլոր ծախսերը:
Զարուհի Բաթոյանը ընդգծեց՝ գործող իշխանությունները երկար տարիներ հնարավորություն են ունեցել դրական փոփոխություններ անելու համար, բայց չեն արել:
«Մենք միայն կոսմետիկ փոփոխություններ ենք տեսել, իսկ նրանք դրական քայլեր անելու բոլոր հնարավորություններն ունեին:
Հաճախ մենք էլ ենք առաջարկներով հանդես եկել, բայց դրանք կա՛մ հաշվի չեն առնվել, կա՛մ հարցերը լուծվել են այնպես, ինչպես հարմար է եղել քաղաքապետարանին», – նշեց Զարուհի Բաթոյանը՝ շեշտելով՝ բազմիցս տրանսպորտի մատչելիության հարցն է բարձրացվել, բայց այդ խնդիրը գոհացուցիչ լուծում չի ստացել: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված տրանսպորտի քանակը քիչ է:
Զարուհի Բաթոյանը նշեց՝ այս և բազմաթիվ այլ խնդիրներին լուծում տալու համար «Ելք»-ը հստակ ծրագրեր է մշակել. քացաքացին, դրանք կարդալով, կհասկանա՝ իսկապես «Ելք»-ը քաղաքական կամք ունի այս խնդիրները լուծելու և առաջընթաց գրանցելու համար»: