«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմեց Սահմանադրական դատարան
«Կոնգրես – ՀԺԿ» դաշինքը քիչ առաջ դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել սույն թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է փաստաբան Տիգրան Եգորյանը: Հիշեցնենք՝ վերջինս ՍԴ էր ուղարկել 2 դիմում, մեկը՝ դաշինքի կողմից, մյուսը՝ «Քաղաքացի դիտորդ»-ի: նախաձեռնության շրջանակներում հանդես եկող հասարակական կազմակերպությունների և մի շարք քաղաքացիների անունից:
Հարցին՝ վերոնշյալ դիմումները նույնաբովանդա՞կ են, Եգորյանը պատասխանեց. «Կան և՛ տարբերություններ, և՛ ընդհանուր հենքեր, քանի որ կազմակերպությունները հղում են կատարում նաև դիտորդների արձանագրություններին: Կցվել են նաև երեկ մամուլում հայտնված Արտակ Սարգսյանի համար կազմակերպված ժողովի ձայնագրություններն ու վերծանումները»:
Ընդգծենք՝ ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ իրենց դիմումի հիմքը երեք հանգամանք է՝ վարչական ռեսուրսը, ընտրակաշառքը եւ վերահսկողությունը:
Հիշեցնենք, որ օրենսդրության համաձայն խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու ժամկետն այսօր է՝ մինչեւ ժամը 18.00: Բողոքարկման դեպքում նոր խորհրդարանի լիազորությունները օրինական ուժի մեջ կմտնեն ոչ թե ապրիլի 27-ին, այլ մայիսի 18-ին (առավելագույն ժամկետն է):
Սահմանադրական դատարանը պարտավոր է առավելագույնը 15 օրվա ընթացքում (մինչեւ ապրիլի 29-ը) քննել դիմումը: Եթե ՍԴ-ն որոշում կայացնի ապրիլի 29-ին, ապա նոր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին (երրորդ հինգշաբթի օրը), իսկ եթե ՍԴ-ն որոշում կայանից 4-5 օր ավելի շուտ, ապա 3-րդ հինգշաբթին կլինի մայիսի 11-ը: