Ինչու «Ելքն» ու «Երկիր ծիրանին» « լեզու չգտան» (տեսանյութ)
«Ընտրություն այդ իմաստով, երբ դասական տրամաբանության մեջ ենք դիտարկում, ապա ընտրություն այս 25 տարվա մեջ չի եղել, բայց սա մենք դիտարկում ենք որպես քաղաքական գործընթաց, քաղաքական պայքարի միջոց ու այդ պայքարի միջոցով մենք պատրաստվում ենք գրավել Երևանի քաղաքապետարանը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանին» պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Առաջադրված են նաև «Ելք» դաշինքն ու իշխող «Հանրապետականը»:
Henaran.am-ի հարցին, թե ինչու չմիավորվեցին «Ելքի» հետ՝ միասնական պայքար տանելու և գոնե Երևանում մեծ հաջողությունների հասնելու համար, նա պատասխանեց. «Դուք տեղեկացված եք, որ շուրջ 2 ամիս առաջ ես մերժեցի այս դաշինքների գաղափարը, որովհետև դաշինքները ձևավորվեցին ու ձևավորվում էին արհեստական ու ոչ գաղափարախոսությամբ, և եթե չկան միասնական գաղափարախոսություն, սկզբունքներ, ծրագրեր, ապա դա չի կարող լինել արդյունավետ միավորում, և այդ կարճ ժամանակում այդ միավորումը ձախողում է ունենում: Դա ցույց է տվել տվել իմ 10 տարվա փորձն, ինչպես նաև մեր 25 տարվա քաղաքական փորձը: Եթե չկան նման ծրագրեր, գաղափարներ, սկզբունքներ, ապա ո՞ւմ հետ ես դու միավորվում: Ես գտնում եմ, որ պետք է լինի հստակ ծրագիր, գաղափարախոսություն ու սկզբունքներ, ու դու դրանք պետք է առաջ մղես»:
Զ. Փոստանջյանն ընդգծեց, որ թեև իշխանությունը մշտապես փորձում է վերահսկել ընդդիմությանը, սակայն ինքը փորձելու է անակնկալներ մատուցել:
Մեր մյուս հարցին, թե ինչպես է գնահատում իր նորաստեղծ կուսակցության շանսերը, պատգամավորն արձագանքեց.«Շանսերի մասին ես չեմ խոսելու, որովհետև դա ցույց կտա ժամանակը: Կապ չունի՝ նորաստեղծ է, թե հին է, կարևորը, թե ինչ ծրագիր կներկայցվի այդ քաղաքական ուժի կողմից, որոնք են նրա կարճաժամկետ ու երկարաժամկետ տեսլականները»:
Իր թիմի մասին նա ասաց, որ այն հաղթող է, և լավագույն կադրերն են ընդգրկված այդ թիմում: