1200 էջանոց թղթից մնացել է 200-ը. Հայկական ժամանակ
Նախօրեին Բրյուսել մեկնած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նակբանդյանը, ով գործուղվել էր այտեղ` բացատրություններ տալու Եվրամիության Ընդլայնման եւ հարեւանության հարցերով Շտեֆան Ֆյուլեին, կարծես թե որեւէ հաջողության չի հասնում:
Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ հիշեցնում, որ ԱԳ նախարարը Բրյուսել էր մեկնել հանձնակատարին բացատրություններ տալու ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ի կողմից խախտելու եւ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարության համար:
Իշխանական շրջանակներից ստացած հավաստի տեղեկությունների համաձայն, Նալբանդյանն իր հետ Բրյուսել էր տարել ԵՄ Ասոցացման համաձայնագրի մի նոր տարբերակ: Նույն աղբյուրները հայտնում են, որ մոտ 1200 էջից բաղկացած համաձայնագիրը եւ դրա մասը կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ պայմանագիրը հայկական կողմից զտվել են եւ դրանից թողնվել 200 էջից էլ պակաս մի փաստաթուղթ, որն էլ Նալբանդյանը դրել է Ֆյուլեի առաջ` փորձելով բացատրել, որ դա այն մինիմալն է, որը ՀՀ-ն կարող է ստորագրել: Ասել է թե ռուսական կողմն այդքանն է թույլ տվել Հայաստանին ստորագրել:
Ըստ թերթի աղբյուրների, փաստաթղթից հանված են եղել բոլոր կարեւոր հատվածները եւ թողնվել են բացառապես դեկլարատիվ բնույթ կրող դրույթներ, մասնավորապես` մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար, սննդի անվտանգություն, բույսերի կարանտին եւ այլն:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: