Թուրքիայում շարունակ ոտնահարվում են մարդու իրավունքները
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին.”Մենք մտել ենք այնպիսի փուլ, որ քաոսի և պայքարի միջոցով աշխարհում ձևավորվում են մի քանի աշխարհաքաղաքական բևեռներ”,-ասաց նա:
Նա նշեց, որ այս նոր փուլը մարդկային պատմության մեջ դեռ չի գրվել և մենք բոլորս դառնում ենք այս նոր փուլի ականատեսները:
Թուրքագետը խոսեց նաև Թուրքիայում ծավալվող հասարակական շարժումների մասին: Նրա դիտարկմամբ Թուրքիայում տեղի ունեցող ընդվզման ալիքը կապված չէ Էրդողանի հետ, և Գեյզի այգու շուրջ ծավալվող իրադարձությունները ավելի խորքային են և զուտ էկոլոգիական բնույթ չեն կրում: Նրա դիտարկմամբ այս շարժումը կարող է շարունակական լինել.”Վերջին տասնամյակում Թուրքիայում բավականին արագ տեղի ունեցավ մեծ տնտեսական աճ, որի հետևանքով բնակչության կենսամակարդակը բարձրացավ, և 16 ից 35 տարեկան երիտասարդները հասկացան, որ աշխարհին ինտեգրվելու համար բավականն լայն հնարավորություններ ունեն: Լավ հասկանալով այդ աշխարհը և գիտակցելով Թուրքիայի տեղը այդ աշխարհում նրանք ընդվզեցին»,-պարզաբանեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Ռուբեն Սաֆրաստյանը արձանագրել է այն փաստը, որ Թուրքիայում բավականին շատ երիտասարդներ կան, որ կրթվում են արտերկրում: Վերջիններս բավականին լավ հասկանում են, որ իրենց երկրում մարդու իրավունքները շարունակ ոտնահարվում են:
Թուրքագետի դիտարկմամբ միգուցե մինչև մյուս տարի այս շարժման արդյունքում ձևավորվի մի նոր լուրջ քաղաքական ընդիմադիր ուժ.” Բայց դա կլինի թե ոչ ես հաստատ չեմ կարող ասել”,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի գնահատմամբ հետաքրքիր կլինի, որ Թուրքիայում ուժեղանան հակաաֆտորիտար շարժումները` դեմոկրատական շարժումները:
Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ տարածաշրջանային իրադարձությունները, սակայն ոչ մի կերպ չեն կարող անդրադարձ ունենալ Հայաստանի վրա: