Կարող եմ բանավիճել այս թեմայով յուրաքանչյուրի հետ. Կիսելյով
«Երբ նախորդ անգամ ես ՀՀ-ում էի, մի միջադեպ եղավ. տաքսու երիտասարդ վարորդը չէր կարողանում ռուսերեն խոսել», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Հիշեցնենք այդ դեպքի հետ կապված՝ Կիսելյովը դժգոհություն էր հայտնել, թե հայ տաքսու վարորդը ռուսերեն խոսել չգիտի ու ասել էր, որ ռուսերենի կարգավիճակը Հայաստանում պետք է վերանայվի:
«Ես հիմա էլ այդպես եմ կարծում, որ ռուսերենի լավ տիրապետումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան: Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում: Կարող եմ բանավիճել այս թեմայով յուրաքանչյուրի հետ»,-նշեց Կիսելյովը՝ նշելով, որ իր ասածից, բնականաբար, պետք չէ ենթադրել, թե հայերենը պիտի ստորադասվի ռուսերենին: