25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցուցահանդես ԱԺ-ում

Ազգային ինքնորոշման զարթոնքի եւ Արցախի անկախացման փետրվարյան շարժմանն ընդառաջ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են յոթ նկարչի եւ երկու քանդակագործի՝ հիսունից ավելի աշխատանքներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների եւ Արցախի մշակույթի նախարարության հետ համատեղ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ Արտակ Դավթյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հայկ Բաբուխանյանը, Երիտասարդական խորհրդարանի անդամներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

Արցախի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանն Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին եւ հյուրերին ներկայացրել է արցախցի երիտասարդ արվեստագետների՝ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի, Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի ստեղծագործությունները եւ հույս հայտնել, որ այս ցուցահանդեսը խորհրդարանում մեկնարկային կդառնա արցախցի արվեստագետների համար: Լուսինե Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, պատգամավոր Կարինե Աճեմյանին եւ հանձնաժողովի փորձագետ, ցուցահանդեսի կազմակերպիչ Մարինե Հակոբյանին ցուցահանդեսը խորհրդարանում կազմակերպելու համար:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհավորելով երիտասարդ արվեստագետներին, կարեւորել է այն փաստը, որ այսօր Արցախում ապրում ու ստեղծագործում է անկախության սերունդը, որով հպարտանում է ամբողջ հայ ժողովուրդը: ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախի հաղթանակը որեւէ բնագավառում հայության հաղթանակն է ու ձեռքբերումը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է, որ այս նկարիչների մանկությունը համընկել է պատերազմական տարիների հետ, սակայն անկախության տարիներին հասակ առած երիտասարդների կտավներից անսպառ լույս ու ազատություն է ճառագում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորների եւ Լուսինե Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում՝ դիտելով Արցախի արեւն ու գույներն իրենց մեջ ամփոփած կտավները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ