«Մեր տղերքի դուխը ոչ ոք չունի»,- ասում են ՀՀԿ ԵԿ սահմանած կրթաթոշակներ ստացած կուրսանտները
Ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող 4 ուսանողներ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից արժանացան Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակների։
Անվանական կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին հանձնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը։
Մրցանակներ ստացան ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի 3-րդ կուրսի կուրսանտ Հովհաննես Մնոյանը, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 12-րդ դասարանի սան Սահակ Սահակյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Վարդանյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտ Սուրեն Մալխասյանը։
Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ռազմական և ռազմահոգեբանական կրթություն ստացող, գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին խրախուսող այս ծրագիրը ՀՀԿ ԵԿ-ն իրականացնում է արդեն 10 տարի։ Նա տեղեկացրեց, որ 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում նշված ուսանողները կստանան ամսական 50 հազարական դրամ կրթաթոշակ։ Պարոն Ավագյանը նշեց նաև, որ երիտասարդներն ընտրվում են մրցութային կարգով. հաշվի են առնվում ուսանողների առաջադիմությունը, օրինակելի վարքը, ֆիզիկական պատրաստականությունը և այլն։
Արմեն Աշոտյանը նկատեց, որ ՀՀԿ-ն, շարունակելով ավանդույթները, խրախուսում է ռազմական ուսումնական հաստատությունների լավագույն սաներին՝ ապացուցելով, որ գիտելիքը ուժ է, ուժն է ծնում իրավունք, և այդ իրավունքի զորությամբ Հանրապետական կուսակցությունը շարունակելու է պետականաստեղծ այն գործընթացը, որ գալիս է իր ակունքներից և գնում է դեպի ապագա։
Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը, մեջբերեց ամուսնու խոսքերը՝ անկախությունը սերունդների համար է, անկախությունն ինքնանպատակ չէ. գենոֆոնդը փրկելու համար է։ Իսկ սա նշանակում է, որ այսօրվա սերունդը պետք է պահպանի անկախությունն իր ազգային արժեքներով։
Նժդեհի անվան կրթաթոշակակիր, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սան Սահակ Սահակյանը հետագայում ուսումը շարունակելու է ռազմական համալսարանում։ Նա նշում է, որ զինվորականի մասնագիտության դժվարություններն իրեն չեն վախեցնում։
Ապագա բժիշկ Նարեկ Վարդանյանն արժանացել է Աշոտ Նավասարդյանի անվան կրթաթոշակի։ «Ես կարևորում եմ մեր երկրի անկախությունը, իսկ անկախության առաջին գրավականը բանակն է։ Եվ որոշեցի, որ պետք է իմ ներդրումն ունենամ անկախության ամրապնդման գործում»,- ասում է Նարեկը։ Կրթաթոշակն էլ, ըստ նրա, ոգևորող գնահատանք է։
Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակակիր Հովհաննես Մնոյանը մանկուց երազել է դառնալ Հայոց բանակի զինծառայող։ Շեշտում է, որ մեր 25-ամյա բանակն այսօր ունի այնպիսի մակարդակ, որ ի վիճակի է լուծելու մարտավարական և ռազմավարական ցանկացած խնդիր։
Սուրեն Մալխասյանն արժանացել է Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակի։ Սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Հրետանավոր է։ Ծնունդով Շիրակի մարզից է։ Ասում է, թե ամեն մարդու չէ, որ բախտ է վիճակված ընտրել հայրենիքի պաշտպանի սուրբ մասնագիտությունը. «Ես ընտրել եմ այս մասնագիտությունը, որպեսզի մեր մայրերը, քույրերը կարողանան հանգիստ ապրել»։ Սուրենն ապրիլյան պատերազմի մասնակից է, 2016-ի ապրիլին Արցախում էր՝ ստաժավորման, երբ սկսվեց քառօրյան։ Եղել է Մարտունու երրորդ պաշտպանական շրջանում ու պայքարել է թշնամու դեմ։ «Մեր տղերքի դուխը ոչ ոք չունի»,- եզրափակում է Սուրենը։