Երբ է հարստությունն ու աղքատությունը Աստծուց լինում
Չնախանձենք հարուստներին և չարհամարհենք աղքատներին, քանզի թե մեկը, և թե մյուսը լինում են Աստծուց, նաև՝ ոչ Աստծուց: Բայց կասես, թե ասված է` «Հարստությունն ու աղքատությունն Աստծուց է» Սիրաք 11:14:
Բայց հարցնենք մեզ հակաճառողներին, բոլոր հարստություննե՞րն են Աստծուց, և արդյոք ամեն մի աղքատությո՞ւն է, որ Աստծուց է:
Ո՞վ կարող է դա ասել: Քանզի մենք տեսնում ենք, որ շատերն իրենց մեծ հարստությունը հավաքում են հափշտակությամբ, կախարդությամբ և նմանօրինակ այլ միջացներով; Դե ասա ինձ, կարելի՞ է ասել, որ նման հարստությունը Աստծուց է: Ոչ, ուրեմն որտեղի՞ց է՝ մեղքից: Պոռնիկը պղծում է իր մարմինը և հարստանում, այսպես և գողը՝ ծակելով պատը, հավաքում է անիրավ հարստություն: Եվ ինչ, արդյո՞ք ամեն մի հարստություն է, որ Աստծուց է:
Բայց լսիր, որ լինում է նաև աղքատություն, որ Աստծուց չէ: Մի անժուժկալ պատանի ծախսում է իր հարստությունն անառակ կանանց, կախարդների և նմանօրինակ այլ բաների վրա և դառնում աղքատ, ակնհայտ է, որ սա Աստծուց չէ, այլ՝ սեփական անժուժկալությունից: Այսպես է նաև, եթե մեկն աղքատանում է պարապությունից, դառնում է կարիքավոր սեփական անմտությունից կամ՝ անելով անօրեն բաներ, պարզ է, որ նման մարդիկ Աստծուց չեն ընկել նման վիճակի մեջ:
Սուրբ Հովհան Ոսկեբերան