Ծեծե՞լ է Պավլիկ Մանուկյանին, ապա թքել նրա բաժակի մե՞ջ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ հըանդիպման ընթացքում հաստատեց՝ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, իր աշխատասենյակում միջադեպ է եղել ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ:
Լրագրողներից մեկի հարցին՝ 2005-ին Արցախում՝ Օհանյանի աշխատասենյակում, հունիսի 21-ին Օհանյանը ծեծե՞լ է Պավլիկ Մանուկյանին եւ թքե՞լ է նրա բաժակի մեջ, ապա առաջարկել խմել, որպեսզի սթափվի: Հիշեցնենք՝ այս մասին նախկինում հայտարարել էր ինքը՝ Պավլիկ Մանուկյանը:
Անդրադառնալով այդ հարցին, Սեյրան Օհանյանն արձագանքեց.
«Անսխալական մարդիկ չեն լինում: Յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունն այն է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են եւ փորձում են նախկինում թույլ տված սխալները վերացնել:
Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված ուզում եմ ասել հետեւյալը. իրոք իմ աշխատասենյակում միջադեպ եղել է: Բաժակի մեջ թքելը… ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել:
Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ մենք երկարատեւ աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել, եւ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել: Այնուհետեւ իմ ղեկավարման տարիներին այս կամ այն առիթներով Պավլիկ Մանուկյանի եւ իր ընկերների հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ: Ինչ հարցով դիմել են պաշտպանության նախարարին, փորձել եմ աջակցել»,- ասաց Սեյրան Օհանյանը: