Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը. ՀՎԿ
Վերջին օրերին որոշ ուժերի կողմից ուղղորդված և նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից շարունակ թմբկահարվում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մեկը մյուսի հետևից լքում են «Հայկական վերածնունդին» միացած տարբեր կուսակցություններ: Սույնով հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իրենից ներկայացնում է քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների յուրատեսակ մի միություն, որը ձևավորվել է «Օրինաց երկիր» կուսակցության հենքի վրա` օգտագործելով շուրջ 20 տարի գործող կառույցները, գրասենյակները և ՕԵԿ կուսակցականների բազմահազարանոց թիվը:
Սույն հաղորդագրությամբ պաշտոնապես ծանուցում ենք, որ ՀՎԿ-ին միացած 9 կուսակցությունների կողմից «Հայկական վերածնունդ» կուսակցությանն են անդամագրվել 102 մարդ, որոնցից 34 –ը դուրս են եկել կուսակցությունից: Համեմատության համար արձանագրենք, որ յուրաքանչյուր ամիս ՀՎԿ-ին անդամակցում է առնվազն մի քանի հազար ՀՀ քաղաքացի:
Իսկ թե ինչով էր պայմանավորված քարոզարշավի մեկնարկին որոշ անձանց` իրենց իսկ մասնակցությամբ ձևավորված կուսակցությանը հրապարակային և ուղղորդված վատաբանելու փորձերը, թողնում ենք նրանց խղճին: Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը, ավելին, այսօր գործող «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն վերոնշյալ 4 կուսակցությունները կարող են 5 օրվա ընթացքում հիմնել նոր կուսակցություններ` օգտագործելով իրենց միացած 34 անձանց, ովքեր լքել են կուսակցությունը և մասնակցել ընտրություններին: Ինչպես բազմիցս քննադատվել է նախաձեռնությանը միացած մարդ – կուսակցությունների պարագան, իրականությունը ցույց տվեց քննադատության ճշմարտացիությունը` ի դեմս ՀՎԿ-ն լքած 4 կուսակցությունների 34 անդամների դիմումների:
Սույն հայտարարությամբ արձանագրում ենք, որ մենք հավատարիմ ենք ՀՎԿ քաղաքական ուղեգծին ու գաղափարախոսությանը, և վճռական ու համատեղ ուժերով պայքարելու ենք մեր ժողովրդի ու հայրենիքի վերածննդի համար: Միևնույն ժամանակ նշում ենք, որ մենք այլևս չենք անդրադառնալու վերը նշված խնդրին և շահարկումներին:
«Հայկական վերածնունդ» կուսակցությանը միաձուլված
- «Շրջադարձ» կուսակցություն (Մուշեղ Տերյան)
- «Հայոց հայրենիք» կուսակցություն (Անահիտ Եղոյան)
- Ագրարային կուսակցություն(Արամ Մելքոնյան)
- «Օրինաց երկիր» կուսակցություն (Զորի Ավետիսյան)
- «Ազգի փրկություն» կուսակցություն (Սարգիս Կարապետյան)
Հայտարարությանը միացել են ևս 130 հասարակական կազմակերպություն և քաղաքացիական շարժումներ
ՀՎԿ գրասենյակ