Եթե ճիշտ ժամանակին վստահենք Աստծուն
«Աշխարհում նեղություններ կունենաք» (Հովհ.16:33):
Կարծում եմ շատերն են համաձայն: Եթե կարդաք շարունակությունը, կքաջալերվեք, քանի որ Քրիստոսը հաղթել է աշխարհին: Ճշմարիտ է, որ բոլորս էլ անցնում ենք դժվարին ժամանակներով, սակայն պետք է սովորենք, ինչպես հաղթահարել դրանք Քրիստոսով: Երբեմն Աստված թույլ է տալիս և անցկացնում է մեզ դժվարություններով, որովհետև դրանց ժամանակ է, որ աճում է մեր հավատքը և զարգանում Քրիստոսի բնավորությունը:
Փորձությունները բացահայտում են, թե ինչին ենք հավատում և ինչ կա մեր սրտում: Հակոբոս 1:2-ը ասում է, որ «մենք պետք է ամբողջովին ուրախություն համարենք», երբ փորձությունների հանդիպենք: 3-րդ խոսքում շարունակում է ասելով`«ձեր հավատքի փորձառությունը տոկունություն, հաստատակամություն և համբերություն է բերում»: Հիանալի է ասված`ունենալ տոկունություն, հաստատակամություն և համբերություն փորձության ընթացքում,այնպե՞ս չէ:
Հիշում եմ, օրեր են եղել, երբ տխուր եմ եղել և բողոքել, երբ ինչ որ բան իմ ուզածով չի եղել: Ես չունեի խաղաղություն և հոգեպես անկայուն էի: Փորձությունները ցույց էին տալիս, որ իմ սրտում նախանձ, շփոթություն և բացասական վերաբերմունք կա: Բայց տարիների ընթացքում ուսումնասիրելով Աստծո Խոսքը սովորեցի, ինչպես վստահել Աստծուն, զարգացրեցի Քրիստոսի առանձնահատկություններն ու բնույթը:
Այժմ ավելի համբերատար եմ և գրեթե տարբերություն չկա փորձության մեջ եմ, թե ոչ: Ինձանից բազում փորձություններ են պահանջվել այս ամենին հասնելու համար: Աստծո կամքը մեզ համար կյանքի յուրաքանչյուր իրավիճակում խաղաղության մեջ մնալն ու աստվածային իմաստությամբ որոշումներ կայացնելն է: Մենք կարող ենք դիմակայել մեր փորձություններին, երբ հասկանանք, որ դրանք պետք է անցնենք, որպեսզի սովորենք ապրել Աստծո խաղաղության, ուրախության և իմաստության մեջ ամեն ժամանակ, անկախ մեր իրավիճակներից:
Այսպիսով, իրականում ինչպե՞ս ենք անցնում մեր փորձությունները: Ահա նայենք ամենից հաճախ պատահողներից մի քանիսը:
1. Մենք կարող ենք փորձվել անցյալի այն սովորություններից ու կապվածություններից, որոնցից ազատագրվել ենք: Երկար տարիներ ես ծխել եմ, դադարեցնելուց հետո մի պահ եկավ, երբ նորից ուզում էի ծխել: Եթե ձեր կյանքում շատ սովորություններ ու կապվածություններ են քանդվել, ապա սատանան կփորձի գայթակղել` ձեզ այնտեղ վերադարձնելու համար: Հանձնվիր Աստծուն, խոնարհվիր Նրա առջև և Նա կտա քեզ զորություն դիմակայելու գայթակղությանը:
2. Մենք կարող ենք փորձվել Աստծո դեմ բարկանալու և մարդկանցից վրդովվելու համար, նրանցից, ովքեր չունեն այն խնդիրները ինչ որ մենք կամ ունեն այն, ինչ մենք ենք ցանկանում: Սա հանգեցնում է բողոքի, իսկ Աստված ուզում է, որ թողնենք տրտունջը, որովհետև այն ավերիչ կերպով ազդում է մեր կյանքերի վրա: Այսպիսով, եթե փորձվում ես Աստծո և մարդկանց դեմ զայրույթով, տրտունջի փոխարեն փառաբանիր Նրան Իր բարության համար:
3. Փորձությունները կարող են մեզ վրդովվեցնել ասելու «Ինչու դա պատահեց ինձ հետ: Ինչու է դա տեղի ունենում ինձ հետ»: Մենք չպետք է այդպես մտածենք. երբ ուրիշները խնդիրներ են ունենում, հեշտ է ասել. « Դու պետք է վստահես Աստծուն և հաղթահարես»: Պատասխան փնտրելու փոխարեն պետք է ասել. «Խուճապի մի մատնվիր, սա ուղղակի փորձություն է»: Փորձություններից դուրս գալու համար պետք է ունենանք խաղաղություն և կայունություն, և եթե ճիշտ ժամանակին վստահենք Աստծուն, Նա մեզ համար կանի լավագույնը:
4. Մենք կարող ենք նաև փորձվել ամեն բան մեր ձեռքը վերցնելու մեջ: Երբևէ մտածե՞լ եք «Ես այլևս չեմ կարող համակերպվել դրա հետ: Ինչ որ բան է պետք անել»: Երբ ամեն բան վերցնում ենք մեր ձեռքը, մենք մերժում և բաց ենք թողնում Աստծո օրհնությունները: Փոխարենը պետք է վստահենք Աստծուն և սպասենք, որ Նա գործի:
Աստված սիրում է քեզ անսահման սիրով և Նա հիանալի ծրագիր ունի քո կյանքում: Վստահիր, որ նա ամեն բան կանի, որ քեզ համար լավ լինի: Հաջորդ անգամ, երբ փորձվես ասա Աստծուն.
«Ես վստահում եմ Քեզ, հիանալի է իմանալ, որ ամեն բան անում ես իմ լավի համար» : Այս կերպ կմոտենաս Աստծուն, մյուս կողմից էլ շնորհակալ կլինես, որ դրա շնորհիվ ավելի նմանվեցիր Քրիստոսին:
Ջոյս Մաեր