Նախընտրական առաջարկ. մերժեցին Փաշինյանին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ներկայացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքագրումներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր հեղինակած նախագիծը, որը հանձնաժողովի դրական եզրակացությանը չի արժանացել:
Պատգամավորը նշեց, որ եղած օրենսդրական կարգավորումները բավարար չեն, և պետք է այս հարցով հանձնաժողով ստեղծվի:
ՀՀԿ-ի կողմից այս առաջարկը որակվեց որպես նախընտրական: «Նախընտրական առաջարկ է»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
Իսկ Փաշինյանին ամեն դեպքում հետաքրքրում է. «Ինչու 25 տարվա պետականությունն ունի ընդամենը 2.7 միլիարդանոց բյուջե, ու ՀՀ-ը չի կարողանում բավարարել կենսական առաջնահերթությունը, իսկ մի շարք պաշտոնյաներ լողանում են հարստության մեջ»:
Մյուս խմբակցությունները ևս, բացի ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից, պաշտպանեցին այս նախաձեռնությունը:
«Ապօրինի հարստացման գաղափարով մենք ենք հանդես եկել, ու ՀԱԿ-ը միշտ կողմ է հանդես եկել, ու այն, ինչ արվել է, բավարար չէ: Մենք գտնում ենք, որ այդ ուսումնասիրությունները պետք է սկսվեն 1991 թվականից ի վեր»,-շեշտեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Որոշումը չընդունվեց 39 կողմ, 56 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ: