Արարատ Խանդոյանին տանջում են. պաշտպանը ահազանգում է
««Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեկ օր մնացել է պատուհանները կոտրած պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արարատ Խանդոյանի պաշտպանը՝ Արա Ղարագյոզյանը:
«Մեր բողոքներից հետո տեղափոխել են իր հիմնական խուց, բայց ես այսօր կրկին անգամ այս առչությամբ բողոք եմ ներկայացրել և ծառայողական քննություն եմ պահանջել, քանի որ արդեն երկրորդ դեպքն է, որ իմ պաշտպանյալին կոտրված ապակիներով պատժախուց են տեղափոխում: Այսօր Նուբարաշեն ՔԿՀ պետին եմ դիմում հղել և բացատրություն եմ պահանջել, թե ինչ հիմքով են Արարատ Խանդոյանին տեղափոխել անմխիթար պայմաններով պատժախուց»,- նշեց Արա Ղարագյոզյանը:
Պաշտպանի խոսքով՝ Խանդոյանը պատժախուց է տեղափոխվել ներքին կանոները խախտելու համար:
«Արարատ Խանդոյանը առողջական խնդիրներ ունի և այդ ցրտահարությանը ինքը չի կարողանա դիմանալ:Ես շեշտում եմ, որ եթե խախտել է ներքին կանոնակարգը թող նորմալ պատժախուց տեղափոխեն, ոչ թե նման անմարդկային պայմաններ ունեցող պատժախուց»,-հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: