Կմեղադրի պետական դավաճանության մեջ. Հայկական Ժամանակ
ՀՀԿ երկար սպասված խորհրդի նիստում նախօրեին Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը լքել կուսակցությունը:
Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու մասին իր հայտարարության մեջ պատճառներին անդրադարձել էր մեկ բառով, արժանապատվություն: Սերժ Սարգսյանին նա մեղադրում է իր արժանապատվությունը ոտնահարելու մեջ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի այս նիստից հետո Հովիկ Աբրահամյանը, զրկվելով կուսակցությունում բարձր դիրքերից, դառնալու էր շարքային անդամ, ինչը նրա կարծիքով իր համար անարժանապատիվ վիճակ է:
Սերժ Սարգսյանի տեսակետը հետեւյալն է. «Մենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չենք լուծում… Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները … Ես երբեք չեմ հանդուրժելու, չեմ կարեւորելու մարդկանց իրենց անձի մասին պատկերացումներով»: ,
Հովիկ Աբրահամյանի պատկերացումները սեփական անձի մասին այնքան բարձր են, որ նա պետք է փորձի մարդկանց հնարավորինս մեծ խումբ իր հետ հանել ՀՀԿ-ից: Նա նույնիսվ իր հայտարարության մեջ ներկայացրել էր այդ մարդկանց մոտավոր շրջանակը` պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներ, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներ: Այս մարդկանցից ոմանք իներցիայի ուժով գուցեեւ հետեւեին կոչին եւ դուրս գալով ՀՀԿ-ից իրենց հռչակեին Աբրահամյանի «համախոհներ»:
Սույն վտանգը չեզոքացնելու համար Սարգսյանն իր ելույթում կուսակցության շարքերը պոտենցիալ լքողներին հասկացրեց, որ կսխալվեն, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի ուժի եւ իշխանության ակունքը միմիայն ՀՀԿ-ն էր: «Մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»,- ասաց Սարգսյանը:
Աբրահամյանի պատասխանը չուշացավ. «Մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ- որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդաոնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»,- երեկ գրեց նա:
Հովիկ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ է ենթաւոեքստով
խոսում վարչապետի պաշտոնից իրեն հեռացնելու ե Կարեն Կարապետյանով փոխարինելու մասին: Սեպտեմբերի 8-ի ՀՀԿ խորհրդի նիստում Աբրահամյանն իր հրաժարականը կապեց «աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական գործոնների» հետ:
Հետո միայն պարզ դարձավ, թե ինչի մասին է խոսքը, աշխարհաքաղաքականը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման անհրաժեշտությունն էր, արտաքին տնտեսականը` գազի ոլորտում Իրան-Հայաստան համագործակցության խորացման փորձերը, ռազմականը’ ապրիլյան պատերազմը:
Սրանք են այն գործոնները, որոնց արդյունքում Կարեն Կարապետյանը Մոսկվայից տեղափոխվեց եւ նշանակվեց ՀՀ վարչապետ: ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարության մեջ էլ Աբրահամյանն ասում է. «ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր եւ պետականամետ»:
Հայտնի էր, որ ՀՀԿ-ում Աբրահամյանի տեղը դե ֆակտո եւ դե յուրե անցնելու է Կարեն Կարապետյանին, եւ այդպես էլ եղավ: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայրենասիրությունն ու պետականամետությունը կասկածի տակ դնելը լուրջ է, իհարկե: Աբրահամյանը Կարապետյանին երեկ անվանեց «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջուր, որը կարող է մխտռել մայր հունը, բնակավայրեր ոչնչացնել»: Ինքը` Աբրահամյանը, «սեփական հողի հոտը կրող առվակն» է:
Սրանք թափանցիկ ակնարկներ են եւ լուրջ մեղադրանքներ են պարունակում, որոնք կարող են ինչ-որ պահի ավե|ի ուղիղ ձևակերպվել:
Հիշեցնենք, դեկտեմբերի սկզբին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Կարապետյանին անուղղակիորեն անվանել էր ազգային անվտանգության սպառնալիք: Հովիկ Աբրահամյանի խնդիրը, բնականաբար, Կարեն Կարապետյանի հետ չէ: Եթե նա երբեւէ ավելի ուղիղ խոսի այս մասին, ապա Սերժ Սարգսյանին կմեղադրի Կարապետյանի նշանակմամբ պետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը հարվածի տակ դնելու մեջ: Դա պետական դավաճանությանը հավասարազոր մեղադրանք է:
Աբրահամյանը, վստահ ենք, այս առումով Սարգսյանից հետո ամենաինֆորմացված անձն է: Սա է պատճառը, որ Մարզպանն էդուարդ Շարմազանովի միջոցով երեկ սպառնաց Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս հիշեցվեց Արարատյան դաշտի արտեզյան ջրերը սեփական ձկնաբուծարանների համար անօրինական ճանապարհով օգտագործելու խնդիրը, որը ցանկացած պահի կարող է քրեական գործ դառնալ: Այլաբանորեն նաեւ ասվեց. Աբրահամյանը կրակի հետ է խաղում:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: