Հրդեհ բնակարանում․ ծխահարված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել
Հունվարի 24-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 2/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել՝ 01.05-ին: Բնակարանի տարբեր հատվածներում այրվել է կենցաղային աղբ (5 խմ):
Փրկարարները բնակարանից ծխահարված վիճակում դուրս են բերել 1963 թ. ծնված Գ. Պ.-ին, ով հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: