«ՀՀԿ գալիս են տալու, այլ ոչ թե վերցնելու». Շարմազանովը` Հովիկ Աբրահամյանի որոշումից
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նաև ՀՀԿ փոխնախագահ էր, հայտարարել է, որ դուրս է գալիս հարազատ ՀՀԿ-ից ու դիմում է ներկայացրել կուսակցություն: Սրա վերաբերյալ Henaran.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:
–Պարո՛ն Շարմազանով, Հովիկ Աբրահամյանի հեռանալու որոշումն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀԿ-ի վրա: Քաղաքագետներն ասում են, որ միգուցե նրա կողմնակիցները հետևեն նրա ու հեռանան ՀՀԿ-ից:
-ՀՀԿ-ը ժողովրդավարական կուսակցություն է, և ՀՀԿ-ը մշտապես եղել է ոչ թե 1-2 կամ 3 ուժեղ անհատի կուսակցություն, «Հանրապետական» կուսակցությունը ստեղծված պահից ունեցել է գաղափարախոսություն, որը բերել է մեր կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը: Նա ասել է` ՀՀԿ գալիս են տալու, այլ ոչ թե վերցնելու, գալիս են տալու ժամանակ, ջանքեր, քրտինք, մտածողություն, և նրանք, ովքեր գալիս են վերցնելու, միգուցե ճիշտ կուսակցություն չեն ընտրել վերցնելու համար: Ի սկզբանե`
90 թվականի ապրիլի 2-ից, երբ հիմնադրվել է «Հանրապետական» կուսակցությունը, փիլիսոփայությունը դա է եղել: Մնացյալը, թե կուժեղացնի, չի ուժեղացնի, շատ հարգանք ունենալով պարոն Աբրահամյանի ու նրա որոշման նկատմամբ` պետք է նշեմ, որ պարոն Աբրահամյանն առաջին առանցքային պաշտոնյան չէ, որ ունեցել է լուրջ դերակատարում ու լքել է ՀՀԿ-ը: Մենք ժողովրդավար կուսակցություն ենք, ընդունում և հարգում ենք անհատի քաղաքական ընտրությունը: Դա բացառապես իր ընտրությունն է, մենք ընդունում ենք, մնացյալն արդեն իր որոշելիքն է:
–Ինչպես կվերաբերեք, եթե Հովիկ Աբրահամյանը հանդես գա ընդդիմադիր դաշտում, ինքը հայտարարել է, որ քաղաքականության մեջ է լինելու և լինի «Ծառուկյան» դաշինքում:
Մենք երբեք անձերի դեմ չենք պայքարել: Մեր պայքարը եղել է երևույթների, ծրագրերի դեմ: Հույս ունենք, որ ապրիլյան ընտրությունները կլինեն ծրագրային, գոնե մենք այդպես ենք պատրաստվում, որ կլինեն գաղափարների ընտրություններ: Մենք ոչ մի քաղաքական գործչի չենք գնահատել, որ մազերը ճաղատ է, մյուսին, որ մազերը շատ խիտ է: Նման բան չի եղել: «Հանրապետականը» մշտապես խոսել է երևույթների մասին: Մենք գնում ենք ռադիկալ փոփոխությունների ճանապարհով, այդ մասին խոսել է նախագահը փետրվարի 12-ին, իսկ նրանք, ովքեր որ պատրաստ են նախագահի նախանշած ուղղությամբ գնալ առաջ, կգնան անկախ պաշտոնից: Պարտադիր չէ, կոնկրետ ես ինձ համար ասեմ, որ Շարմազանովն ունենա պաշտոն, որ լինի «Հանրապետական»:
Շատ են եղել հանրապետականներ, որ ունեցել են պաշտոն, բայց այսօր շարքային կուսակցականներ են, դա խնդիր չէ: Մենք գնում ենք բարեփոխումների մեր նախագահի, վարչապետի, մեր թեկնածուների գլխավորությամբ: Սպասենք ապրիլի 2-ին, և ժողովուրդը կորոշի ձայն տալ ՀՀԿ-ին, Օհանյանին, Տեր-Պետրոսյանին, Պողոսյանին, թե ում: Դա իր ընտրությունն է: Աբրահամյանի մասով նկատեմ, որ դա էլ իր որոշելիքն է, և ևս մեկ անգամ ընդգծեմ` մենք հարգում ենք իր որոշումը: Ինչպես ցանկացած ժողովրդավար երկրում առաջին դեպքը չէ, երբ ազդեցիկ գործիչները լքում են իրենց նախկին կուսակցությունները: Այդպես է եղել Չերչիլի, Սարկոզիի դեպքում:
Այստեղ ոչինչ պետք չէ փնտրել, մենք ունենք մեր գաղափարախոսությունը, պարոն Աբրահամյանը գտել է, որ ինքը չի տեղավորվում այդ փիլիսոփայության մեջ, ինքը կասի, դա իր որոշելիքն է եղել, իսկ մենք գնում ենք մեր ճանապարհով:
-Ամեն դեպքում Դուք ի՞նչ եք կարծում, ինքը նեղացա՞ծ է ՀՀԿ-ից:
-Ես միշտ ասել եմ, որ նեղանալը քաղաքական կատոգորիա չէ: