23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ չես անում, ինչ որ ասում ես

«Քո գործերը թող ամոթի չմատնեն քո շրթների խոսքերը, որպեսզի, երբ խոսես, չասեն «Ինչո՞ւ չես անում, ինչ որ ասում ես» (Սբ․ Գրիգոր Աստվածաբան)

Սուրբ Գրիգոր Նազիանզացին կամ ինչպես հայտնի է Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, ապրել է 4-րդ դարում ու մեկն է Ընդհանրական Քրիստոնեական Եկեղեցու այն մեծագույն սրբերից, ով իր մաքրակենցաղ վարքով և ուղիղ դավանությամբ շատ-շատերին լուսավորեց ի վերուստ իրեն շնորհված Սուրբ Հոգու վարդապետությամբ: Սբ․ Բարսեղ Կեսարացու և Սբ․ Գրիգոր Նյուսացու հետ նա կազմում է «Երեք մեծ կապադովկիացիների» եռյակը:

Այսօրվա իմ բնաբանը ես վերցրել են նրա խոսքերից․«Քո գործերը թող ամոթի չմատնեն քո շրթների խոսքերը, որպեսզի, երբ խոսես, չասեն «Ինչո՞ւ չես անում, ինչ որ ասում ես»։ Սուրբը իրապես եղավ իր այս արտահայտության կրողը։ Լինելով մեծահարուստի որդի, կամավոր զրկեց իրեն և իր բոլոր հարստությունը բաժանեց աղքատներին, այսինքն՝ ինչ որ իր քարոզած խոսքերն էին՝ գործի վերածեց ու իր ամբողջ կյանքը անցկացրեց զրկանքներով և զոհողությամբ։ Եվ իրավամբ իր մահից հետո արժանացավ սրբի կոչմանը։

Իսկ այսօր մենք ի՞նչ ենք անում։ Ապրում ենք մի այնպիսի դարում, երբ մեր շուրջը մարդիկ ոչ միայն իրենց խոսքի տերը չեն, այլ ստում են, խաբում, կողոպտում, շատ անգամներ էլ մարդկանց նեղացնում են, խոստանալով ու չկատարելով․ մի խոսքով ասում են մի բան, բայց անում են մի այլ բան։ Խոսքով սարեր են խոստանում, բայց գործով՝ ոչինչ։

Հիսուս յուրաքաչյուր քրիստոնյայի համար եղավ օրինակ՝ բարության, ազնվության, հավատքի, սիրո և մաքրության։ Ինչ որ ասեց, քարոզեց, գործի վերածեց։ Նրա շրթները բացվեցին և գործերը ամոթով չթողեցին Նրան։ Կույրերի աչքերը բացեց, կաղերը քայլեցին, բորոտները մաքրվեցին, մեռածները նույնիսկ հարության առան։ Հիսուս ասաց․ «Ինչ որ հավատքով խնդրեք, կտրվի ձեզ»։ Իսկ Հակոբոս Առաքյալը շարունակում է «Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակ․2։26): Այո, եթե իրապես հավատում ենք, գործով պիտի ապացուցենք։

Ես մարդիկ գիտեմ, որ ամեն օր վաղ առավոտյան գնում են քայլելու այգում։ Իսկ այգում գիշեր ցերեկ, ցրտին ու քամուն, անձրևին ու փոթորկին, արևին ու տաքին բացօթյա կամ վրանի տակ ապրում են տնազուրկներ, ինչպես Ամերիկայում ասում են անգլերենով homeless-ներ։ Մարդիկ անցնում են նրանց կողքով անտարբեր, սովորական, ոչ մի վերաբերմունք ցույց չտալով։

Մի պահ մտածեք, մենք տուն ունեք, ամեն հարմարություններով, քնում ենք փափուկ անկողնում, ամառը օդափոխիչներ ունենք, ձմեռը՝ տաքացուցիչներ, պաշտպանված ենք անձրևից ու փոթորիկից, աշխատանք, դրամ և ունեցվածք ունենք, այս բոլորով մենք ապահովված եք, բայց նրանք՝ չունեն։

Մայր Թերեզան, որին վերջերս Կաթոլիկ եկեղեցին սրբերի շարքը դասեց, Հնդկաստանում խնամում էր աղքատներից ամենաաղքատին։ Իսկ մենք չե՞նք կարող օգնել, կարող ենք, եթե ցանկություն ու խիղճ ունենք; Մեկը կար, որին ճանաչում եմ, ամեն օր առավոտյան իր քայլելուց և մարզանք կատարելուց հետո այդ տնազուրկներից մեկին ողորմություն էր տալիս փոքրիկ մի գումար նախաճաշի համար։ Այդ մարդը, որը ուզում էր մի փոքրիկ օգնություն տալ տնազուրկին, իր համար սկզբունք էր արել՝ խոսքը գործի վերածելու։ Նրա արածը Աստծու մոտ գնահատելի և ընդունելի է։

Այս պատմությունը հետաքրքիր է։

«Մեծն Փիլիպպոս թագավորի ժամանակ, մի այրի կին քաղաքի դատավորներից անիրավվելով կորցնում է իր տնակը, որը գտնվում էր պալատականի մի դղյակի մօտակայքում։ Ուր որ դիմում է կինը, որին որ խնդրում է, որպեսզի իր բողոքը լսեն և լուծում տան, հաջողություն չի ունենում։ Միակ միջոցը մնում է ներկայանալ թագավորին և արդարություն խնդրել։ Ամիսներով սպասում է, մինչև որ Մեծն Փիլիպպոս թագավորը տոնական մի օր իր շքախմբով երևում է Աթենքի հրապարակում։ Այրի կինը հակառակ իր ալևորության, հաջողում է ճեղքել մարդկանց բազմությունը և հասնել թագավորի մոտ։ Հազիվ սկսում է բարձրաղաղակ իր ցավը պատմել, թագավորը կոպտորեն ընդհատում է նրան․

«Տիկին, հիմա քեզ լսելու ժամանակ չունեմ»։ Այս կոպիտ պատասխանից այրին խորապես վրդովված, ավելի է բարձրացնում իր ձայնը, առանց նկատի առնելու իր հանդգնության ծանր հետևանքը․ «Եթե դու, ով Մեծն Փիլիպպոս, ժամանակ չունես հպատակներիդ լսելու, ուրեմն, իրավունք էլ չունես նրանց վրա թագավորելու»։ Հուզված ու հիացական մի լռություն է տիրում ժողովրդի մեջ։ Թագավորը այրի կնոջ արցունքներից զգացված, հրամայում է, որ խստորեն պատժվի անիրավ պալատականը և չքավոր այրու արդար իրավունքը վերականգնվի»։

Եկեք փորձենք մեր կյանքը լցնել բարի գործերով, գործեր, որոնք ցույց կտան մեր նկարագիրը ու այսպես մենք կատարած կլինենք Սբ․ Գրիգոր Աստվածաբանի խոսքը․ «Քո գործերը թող ամոթի չմատնեն քո շրթների խոսքերը, որպեսզի, երբ խոսես, չասեն «Ինչո՞ւ չես անում, ինչ որ ասում ես»։ Ամեն։

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ