Ինչո՞ւ է օդաչուին դանակահարած երիտասարդ աղջիկը գտնվել հյուրանոցում.մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հյուրանոցային համալիրի սենյակում տղամարդուն դանակահարելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09.30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Յուրի Չիլինգարյանը։ Վերջինս աշխատում է «Արմենիա» ավիաուղիներում՝ որպես 2-րդ օդաչու:
Տղամարդուն դեպքից հետո իր ավտոմեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխել նրա ընկերը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, տղամարդը ճանաչվել է տուժող: Աղջիկը հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ աղջկա՝ հյուրանոցում գտնվելու պատճառը։
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով ամրագրված Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը եւ որ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները հրապարակման ենթակա չեն։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամքներն ստուգելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական, կենսաբանական, տոքսիկոքիմիական, հետքաբանական եւ քրեագիտական փորձաքննություններ։
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։