27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայր աթոռում խոսվել է հայ ու վրաց եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերների մասին

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտ Նիկոլոզին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայոց Հայրապետը, բարի գալուստ մաղթելով Նիկոլոզ միտրոպոլիտին համայն հայության հոգևոր կենտրոն, ջերմությամբ է վերհիշել իր հայրապետական այցն Ախալքալաք, ինչպես նաև անդրադարձ կատարել միտրոպոլիտի նվիրյալ գործունեությանը:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը հաստատել է, որ այցի ընթացքում ականատեսն է դարձել հայ ու վրաց համայնքների և երկու Եկեղեցիների կառույցների միջև առկա ջերմ փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնցում կարևոր է Գերաշնորհ Նիկոլոզ միտրոպոլիտի դերակատարությունը:

Խորին երախտագիտություն փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ միտրոպոլիտ Նիկոլոզն ուրախություն է հայտնել Հայաստան այցելելու հնարավորության համար: Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտը կարևորել է երկու ժողովուրդների միջև շփումների ու կապերի զորացումը՝ ի մտի ունենալով նաև ժողովուրդների միջև առկա պատմական աղերսները, ընդհանրություններն ու համանման ավանդույթները:

Հանդիպմանը խոսվել է երկու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարմանն ուղղված ջանքերի մասին, անդրադարձ է կատարվել Եկեղեցիների հոգևոր-կրթական գործունեությանը, մասնավորապես, եկեղեցականների նոր սերնդի պատրաստությանը և հովվական ծառայությանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին գնահատելով Նիկոլոզ միտրոպոլիտի ջերմ վերաբերմունքը հանդեպ Հայ Եկեղեցին և Սամցխե-Ջավախքի հայությունը, Աստծու զորակցությունը մաղթել է նրան իր պատասխանատու առաքելության մեջ:

Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ