«Պոլի փետ էլ լինի, միայն ՀՀՇ-ից լինի. դա էլ ենք հիշում»
«Իսկ կարո՞ղ է հիշեցնենք մի որևէ փոխնախարարի անուն, որ իր պաշտոնը պահելու համար իր կուսակցությունը դավաճանեց: Բա ձեր ելույթն ամբողջությամբ մեր համագումարին էր նվիրված, ո՞նց չարձագանքեմ»,-Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի ելույթին այսպես արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Արամ Մանուկյանը տեղից հորդորեց հանդուրժել նման ելույթները: Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորը նշել որ, որ վարչապետն ու նախարարները ՀՀԿ-ականներ են դարձել, որովհետև այդպես է պարտադրվել, պարտադրանք է եղել նաև մեկ օրում ՀՀԿ-ին անդամակցած 7000 հոգու վրա:
«Ոչ միայն հանդուրժում եմ, այլև բոլորիդ սիրով հրավիրում եմ մեր կուսակցություն, եկեք, համեցեք ու այդ 7000 մարդու, որ իրենց տոմսերը կստանան, հետները մեկ առ մեկ խոսեք ու կտեսնեք՝պարտադրանքով են ստացել, թե ոչ, կհամոզվեք, որ ձեր ասած փաստերն օդի մեջ են բացարձակապես:
Մի բան էլ ասեմ պարոն Մանուկյան, չնեղանաք, մեր համագումարում գործազուրկ էր խոսում, չլսեցի՞ք,ինչի մասին եք խոսում, իսկ որ հիշողություններին եք անդրադարձել, ապա ձեզ հիշեցնեմ, մի ժամանակ կար, երբ որ ասում էիք՝ ինչ ուզում է լինի, պոլի փետ լինի, միայն ՀՀՇ-ից լինի, մենք դա էլ ենք հիշում»: