Արման Թաթոյանը Ժնևում հանդիպումներ է ունեցել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին Ժնևում հանդիպում է ունեցել Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: Հանդիպմանը քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման և ամրապնդման հարցերը: Միաժամանակ, ներկայացվել և քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատի ուժեղացման հարցում:
Պաշտպանը հանդիպել է նաև Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (OMCT) ղեկավար Ժերալդ Սթաբերոքին: Հանդիպման ընթացքում շեշտադրվել են ինչպես համատեղ ծրագրերի և համագործակցության, խոշտանգումների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների գործնական կատարման, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում Պաշտպանի ինստիտուտի ներգրավվածության հարցերը: Բացի այդ, Պաշտպանը Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ