Գարեգին Բ-ն Աթեշյանին չի թողել խաչ կրել. նոր բացահայտումներ
««ԽԱՉՆ ԻՄՆ Է, ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՍ ԳԻՏԵՄ»
2016 թ. նոյեմբերի 16–ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթ է տեղի ունեցել։
ԻՆՉՈՒ՞Մ ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԻՆ
Պոլսի պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը (աշխարհիկ անուն ազգանունը` Արթին Աթեշ) նրա դասընկերների կողմից ներկայացվում է ոչ միայն Բեթղեհեմում ձեռագիր Կտակարանի գող, այլեւ 1668 թ. Ամստերդամում Ոսկան վարդապետ Երեւանցու հրատարակած «Նոր Կտակարանը» Ամստերդամի եկեղեցուն վաճառած անձնավորություն:
Կայքերից մեկում արդեն ներկայացվել է Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ Երուսաղեմի Սուրբ Հակոբ Ժառանգավորաց վարժարանում 1967 թվականից մինչեւ 1972 թվականն ուսանած նրա դասընկեր, Հոլանդիայի Էյնդհովեն քաղաքի բնակիչ Սահակ Աքքաշի հետ հարցազրույցը:
Հիշյալ հարցազրույցում Սահակ Աքքաշը, ի թիվս այլ տեղեկությունների, հայտնել է պատանեկան տարիներին Բեթղեհեմից Արթին Աթեշի կատարած մի գողության մասին: Խոսքը ձեռագիր Կտակարանի գողության մասին է:
«Նա Երուսաղեմում ուսումնառության տարիներին երբեմն Սուրբ Բեթղեհեմ էր գնում, ըստ իրեն, այնտեղ հորեղբայր ուներ,- ասել է Սահակ Աքքաշը:- Այդ ժամանակ 16-17 տարեկան էինք: Երբ որ Բեթղեհեմից վերադարձավ, Երուսաղեմ տեղեկություն հասավ, որ Բեթղեհեմից մի Կտակարան է կորել: Մենք վարժարանում ննջասենյակ ունեինք, գրեթե 30 հոգի պառկում էինք այնտեղ, ննջասենյակում ամեն մեկս մեր պահարանն ունեինք: Երբ որ Բեթղեհեմից Կտակարանի կորչելու լուրը հասավ մեզ, Երուսաղեմի ներկայիս պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսը նրա պահարանի միջից գտավ արծաթագույն կազմով այդ Կտակարանը եւ նրան պատիժ տվեց. մեկ շաբաթ, մինչ մենք ճաշարանում ճաշում էինք, նա նույն վայրում ստիպված էր կանգնել մեկ ոտքի վրա, որպեսզի բոլորի առաջ պախարակվեր, որպեսզի այլեւս գողություն չաներ:
Միայն այդ Կտակարանը չէ, որ կորել էր: Երուսաղեմում նրա ուսումնառության տարիներին եկեղեցապատկան այլ իրեր էլ կորել են` գիրք, բուրվառ, սկիհ, ծնծղա եւ այլն: Գրեթե բոլորը կասկածում էին նրան, որովհետեւ նա արդեն գողություն անողի համբավ էր ձեռք բերել»:
Ապագա հոգեւորականի կողմից Բեթղեհեմից Կտակարան գողանալը, նրա դպրոցական ընկերների գնահատմամբ, սրբապղծություն է, միանշանակ անհարիր հոգեւորականի կերպարին: Ինքը` Արամ Աթեշյանը, Civilnet.am-ին վերջերս տված հարցազրույցում Աստվածաշնչի («Կտակարանի» փոխարեն «Աստվածաշունչ» բառն է գործածում) գողության մասին հիշյալ մեղադրանքը զրպարտություն է համարել եւ փորձել է հերքել` ասելով, որ եթե ինքն իսկապես կատարել է այդ գողությունը, ապա ինչպե՞ս է եղել, որ Աստվածաշունչն իրենից չի վերցվել, ինչպե՞ս է եղել, որ դպրոցից չի վռնդվել, ինը տարի ուսանել է, վկայական, դիպլոմ ստացել:
Ըստ Սահակ Աքքաշի, Երուսաղեմի ներկայիս պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսը Կտակարանը նրա պահարանի միջից է գտել: Ի՞նչ տարբերություն` Բեթղեհեմից անհետացած Կտակարանը Արթին Աթեշի ձեռքո՞ւմ է հայտնաբերվել, թե՞ նրա պահարանում: Արամ Աթեշյանը սրանով երեւի ուզում է ասել` ձեռքս չեն բռնել, գող չեմ:
Կամ` եթե Երուսաղեմի ներկայիս պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսը Երուսաղեմի Սուրբ Հակոբ Ժառանգավորաց վարժարանից նրան չի վռնդել, այլ, Սահակ Աքքաշի հայտնած տեղեկության համաձայն, նրան վարժարանի ճաշարանում մեկ շաբաթ զրկել է ճաշելու իրավունքից, եւ մինչ դասընկերներն այնտեղ ճաշել են, նրան նույն վայրում պարտադրել է ընկերների ներկայությամբ կանգնել մեկ ոտքի վրա, որպեսզի բոլորի առաջ պախարակվի եւ այլեւս գողություն չանի, մի՞թե սա պատիժ չէ, վարժարանից վռնդվելուց գուցե ավելի խիստ պատիժ…
Հիմա անդրադառնամ Ամստերդամի եկեղեցուն հիշյալ արժեքավոր Կտակարանը վաճառելու պատմությանը, որի վերաբերյալ տեղեկությունն ինձ փոխանցեց Արթին Աթեշի մեկ այլ դպրոցական ընկեր` Ամստերդամի բնակիչ, Արթին Աթեշի հետ Երուսաղեմի Սուրբ Հակոբ Ժառանգավորաց վարժարանում սովորած Խաչիկ Կյուրեղյան Պալըքչյանը:
«Այդ Նոր Կտակարանը Աթեշյանը 3000-3500 եվրոյով վաճառել է Ամստերդամի եկեղեցուն, 4-5 հոգի միավորվել, այդ գումարը հավաքել են, դրանով գնել են այդ Նոր Կտակարանը եւ նվիրել Ամստերդամի եկեղեցուն»,- ասաց Խաչիկ Կյուրեղյան Պալըքչյանը:
Եթե Սահակ Աքքաշի եւ Խաչիկ Կյուրեղյան Պալըքչյանի պատմածներն իրականություն են (վերապահումս կապված է նրա հետ, որ անձամբ ականատես չեմ եղել Բեթղեհեմից Կտակարանի գողությանը եւ Ամստերդամի եկեղեցուն «Նոր Կտակարանի» վաճառքին), ապա, բնականաբար, հարց է առաջ գալիս` Արամ Աթեշյանը միայն այդ «Նոր Կտակարա՞նն» է վաճառել, թե՞ կրոնական, ազգային, պատմական, մշակութային արժեք ներկայացնող նաեւ այլ իրեր, օրինակ, հենց Պոլսո պատրիարքարանից:
Այդ դեպքում դրանց բացակայությունը գուցե պատճառաբանվի նրանո՞վ, թե այդ իրերը պատրիարքարանից դուրս են բերվել Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի պաշտոնավարության օրոք, նրա կողմից կամ նրա թույլտվությամբ` նկատի ունենալով, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հիշողության հետ կապված ծանր հիվանդության պատճառով ոչ գործունակ վիճակում է եւ չի կարող հերքել կամ ժխտել:
Չգիտեմ, այս առումով պարզելու բան կա, Պոլսո պատրիարքարանի գույքի ցուցակի, համապատասխան գրանցամատյանների պատճենները ձեռք բերելու կամ դրանց տեղում ծանոթանալու, Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի պարզաբանումները, բացատրությունները լսելու անհրաժեշտություն կա, իսկ մնացյալը ցույց կտա ժամանակը:
Արթուր Հովհաննիսյան »: