«Հարցը բանակի հետ է կապված, ու դժվար է այն վիճարկելը»
«Ես մտածում եմ՝ սրանով փորձում են նոր հարկատեսակ մտցնել: Հարկատեսակն իր մեջ ներառելու է յուրահատուկ փիլիսոփայություն: Այն բանակի հետ է կապվում ու դժվար է այդ հարցը վիճարկելը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով Կառավարության վերջին նիստին հավանության արժանացած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծին, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին (նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն):
«Փաստը մնում է փաստ՝ եթե աշխատող մարդուց փող ես պահանջում, դա կոչվում է հարկ, տուրք: Խնդիրը նրանում է, որ բյուջեն վատթար վիճակում է: Մուտքերի հարց կա: Վարկեր վերցնելը շատ բարդ է դառնում: Սրա հետ է կապված նաև կարմիր գծերի խնդիրը ու մնացած բոլոր խնդիրները: Եթե նկատում եք, իշխանությունը փորձում է հարկերի քանակն ավելացնել, քանի որ եթե մուտքերը չավելացվեն, դոնոր կազմակերպությունները շատ հարցեր կտան: Վարկը վերցրել, վարկ ենք փակել այքան ժամանակ: Հիմա այս 1000 դրամը բյուջետային ֆոնդ մտցնել չեն ուզում: Այն արտաբյուջետային ապահովագրության ձևով է: Բայց միշտ կա այն ձևը, որ վեց միլիարդը ներկայացվի, ասվի, որ մենք կայուն մուտքեր ունենք, քանի որ բոլոր աշխատողներից վերցվելու է դա: Դրա համար է ասվում՝ սա կամավոր չէ: Մեզ հիմա հարկավոր է ցույց տալ՝ կայուն մուտքեր ունենք: Դրա համար էլ պարտադիր է: ՀՀ-ում նման գործերը եղել են կամավոր: Մարդիկ բանակին կամավոր են օգնել: Իսկ հիմա մտցվում է կայուն հարկատեսակ», – ասաց Արամ Կարապետյանը: