30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարոն Սիրադեղյանի գործով ևս մեկ դատական նիստ է նշանակվել

Բողոքի ակցիայի մասնակից Տարոն Սիրադեղյանի գործով ևս մեկ դատական նիստ է նշանակվել: Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2016 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա.Սարգսյանի, մասնակցությամբ՝ դատավորներ Ա. Աբովյանի և Ա. Բաբյանի, քննության առնվեց ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 2-ի վճռի դեմ պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանն իր վճռով բավարարել էր ՀՀ Ոստիկանության հայցը՝ Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ նշանակելով 50.000 ՀՀ դրամի չափով տուգանք:

Միաժամանակ, ՀՀ Վարչական դատարանը վճռել էր մերժել ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումը: 2016 թ. նոյեմբերի 10-ի դատական նիստը կայացավ հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանի, պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տ. Սիրադեղյանի ու վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ:

Նախագահող դատավորը կողմերի ինքնությունը և լիազորություններն ստուգելուց հետո անցավ զեկուցմանը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները: Մասնավորապես՝ վերաքննիչ բողոքում հիմնավորումներ էին ներկայացվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ նշված կոնկրետ արարքի կատարման դեպքում այլ արարքի համար Տ. Սիրադեղանին վարչական պատասխանատվության ենթարկելու, նրան որևէ օրինական պահանջ չներկայացնելու, ինչպես նաև հակընդդեմ հայցադիմումն անհիմն մերժելու ու գործում առկա ապացույցների գնահատման և էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կարգի խախտման վերաբերյալ:

Զեկուցումից հետո դատական կազմի դատավորները հարցեր ուղղեցին ՀՀ Ոստիկանության ներկայացուցչին՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության, դրա կազմման հիմքերի, Տ. Սիրադեղյանի կողմից փաստացի հակահասարակական արարք կատարելու վերաբերյալ:

Հայցվորի ներկայացուցչը պահանջ ներկայացվելու փաստի հաստատման համար վկայակոչեց գործում առկա դեպքը պատկերող տեսաձայնագրությունները, որտեղ ոստիկաններն, ըստ հայցվոր կողմի, նախ պահանջել են հավաքի մասնակիցներից չմոտենալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքին, իսկ ապա՝ պահանջել են բացել ճանապարհը: Դատական կազմի դատավորներն անհրաժեշտ համարեցին դատական նիստի ընթացքում հետազոտել տեսաձայնագրությունները, որից հետո կրկին որոշակի հարցեր ներկայացվեցին հայցվոր կողմի ներկայացուցչին:

Գործով որպես վկա ներգրավված ՀՀ Ոստիկանության աշխատակցի ցուցմունքների արժանահավատության առումով պատասխանող կողմն անհրաժեշտ համարեց նաև իր կողմից դատարան ներկայացված տեսաձայնագրության համապատասխան հատվածի հետազոտումը, սակայն տեխնիկական պատճառով այն հնարավոր չեղավ ապահովել դատական նիստի ընթացքում: Պատասխանող Տ. Սիրադեղյանի ներկայացուցիչը պարտավորվեց դատարան ներկայացնել տեսաձայնագրությունների էլեկտրոնային կրիչի այլ օրինակ և միջնորդեց հետաձգել դատական նիստը: Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, և սույն գործով դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Տ. Սիրադեղյանը 2014 թ. հունիսի 23-ին մասնակցել էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի շուրջ 26 մասնակիցների հետ ֆիզիկական ուժի գործադրմամբ ձերբակալվել և տեղափոխվել էր ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ իրականացված վարչական վարույթի շրջանակներում արձանագրություն էր կազմվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Այնուհետև ՀՀ Ոստիկանությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ