Հարուցվել է քրգործ՝ «Սիվիլնեթ»-ի օպերատորի մեքենան վնասելու դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիվիլնեթ»-ի օպերատոր Սարգիս Խարազյանի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ոստիկանության բաժնից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին ստացվել են նյութեր առ այն, որ 2016թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20:30-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ ժամը՝ 08:10-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը դիտավորյալ կոտրել է բակում կայանված քաղաքացի Ս.Խարազյանին պատկանող «Միցուբիշի Գրանդիս» ավտոմեքենայի ապակիները, վնասել մեքենայի 4 անվադողերը։
Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ս.Խարազյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Մշակվել են քննչական պլան, աշխատանքային վարկածներ եւ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վարկածներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, ենթարկվել զննության: Նշանակվել են դատակենսաբանական, դատաապրանքաբանական փորձաքննություններ:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։