Մոսկվան ու Անկարան՝ ռուս-թուրքական վերջին լարվածությունից հետո դրսևորելով մերձեցման կտրուկ քայլեր…
«Հայաստանի համար, ի թիվս ներքին լուրջ ցնցումների, ճգնաժամային կացության, լրջագույն մարտահրավեր են, եթե չասեմ՝ սպառնալիք, արտաքին օրակարգի խնդիրները: Այն, որ մեր երկիրն աստիճանաբար կույրաղիքային կարգավիճակ է ստանում ինչպես Կովկասում, այնպես էլ՝ Եվրոպայում և աշխարհում, կարծում եմ այլևս հիվանդ երևակայության կամ հոռետեսության արդյունք չէ:
Համաշխարհային պատմությունից հայտնի է, որ հավերժ թշնամիներ չեն լինում, լինում են հավերժական շահեր, գերազանցապես՝ տնտեսական բաղադրիչով: Անառարկելի երևույթ, օրինաչափություն, որ հաստատեցին Մոսկվան ու Անկարան՝ ռուս-թուրքական վերջին լարվածությունից հետո դրսևորելով մերձեցման կտրուկ քայլեր: Հայկական ժողովրդական առածն ավելի պատկերավոր միտք է շրջանառում այդ առնչությամբ՝ մի դռան շան պես յոլա գնացեք: Այո սույն ֆոլկլորային ասույթն ավելի քաղաքակիրթ ու ժամանակակից բառամթերքով նշանակում է համակեցություն կամ դիվանագիտություն՝ հանուն փոխշահավետ կեցության: Փաստ է, որ Հայաստանը հիվանդ ու աղքատ ազգականի կարգավիճակով է ամենուր, որտեղ գոնե առերևույթ մասնակցություն, ներգրավվում ունի: Մեկ այլ ժողովրդական հանրահայտ առած էլ ասում է՝ դատարկ գրպանով ո՞ւր ես գնում Փանոս ջան… Մինչ մենք ազգային սնապարծությամբ շարունակում ենք ինքնագովեստի շղարշի մեջ լինել, մեր հարևանները կոնկրետ քայլեր են կատարում՝ իրենց երկիրն ավելի ուժեղ և ապահով դարձնելու համար: Ժամեր առաջ Բաքվում կայացավ Պուտին-Ալիև-Ռոհանի եռակողմ հանդիպումը, որը նոր ձևաչափ է հասունացնում ռեգիոնալ համագործակցության առումով: Նախագահների ընդունած համատեղ հռչակագրում ասվում է, որ <<կողմերը վճռական են ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի և թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերում: Բացի այդ, համատեղ փաստաթղթում նշվում է, որ <<չլուծված հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանային համագործակցությանը», ուստի շեշտվում է դրանց կարգավորման կարևորությունը «առկա սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»: Առաջնորդները նաև պայմանավորվել են խորացնել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցությունը՝ իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքի հիման վրա:
Ընդգծում եմ՝ իրավահավասարության ու փոխշահավետության: Հավասարը հավասարի պես: Առանց պապայության կամ որդիական ակնածանքի, առանց, մեծն Սայաթ Նովայի բնորոշած՝ Խալխին նոքյար լինելու: Հենց այստեղից պետք է սկսել Հայի ու Հայաստանի նոր պայքարը՝ Սթափվել, Վերակազմակերպվելու ինքնասիրություն և Հզորանալու Արժանապատվություն ունենալ՝ աշխարհի հետ պատշաճ հարաբերվելու համար ստեղծելով կենսունակ, ազգանպաստ, էական ու որակական ձևաչափեր, դառնալով վստահելի ու իրավահավասար գործընկեր, գրավիչ դառնալով ներդրողների համար: Հատկանշական է նաև, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մի ա՜յլ խանդավառությամբ է ներխուժում ադրբեջանական տնտեսություն. Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ադրբեջանի նախագահին աշխատել առևտրաշրջանառության աճի ուղղությամբ: ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի նոր ինքնաթիռներ կգնի, իսկ Ռուսաստանը Բաքվում ավիացիոն գործարան է կառուցելու: Ինչպես ասում են՝ No comment…
…Ի դեպ, երկիրն այս աղետալի կացությունից դուրս բերելու համար անիրատեսական դեղատոմսեր պետք չեն: Բանաձևը շատ պարզ է, ինձնից ավելի խելոքներ են ասել: Հիշատակեմ միայն մեծանուն գրող Պերճ Զեյթունցյանին, ով ասում էր՝ եթե կամենում ես վրեժխնդիր լինել Թուրքիայից, նրա քթի տակ ծաղկեցրու սեփական տնտեսությունդ….
Այլ ճանապարհ չկա….»