“Եռակի-քառակի շնորհակալություն Արմեն Աշոտյանին”. Աղվան Վարդանյան

Այսօր մամուլի ասուլիսով հանդես էր եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:Ասուլիսից անմիջապես հետո, կարծես այդ ասուլիսին ի պատասխան, իր սիրած վայրում` facebook-ում ՀՅԴ-ին վերաբերող գրառում էր կատարել նաեւ ՀՀ ԿԳ, ՀՀԿ-ի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը… Աղվան Վարդանյանը, yerkir.am-ի խնդրանքով, անդրադարձավ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը եւ նշեց.
“Սիրում եմ արձագանքել խելացի մարդկանց: Ցավոք, նման առիթներ շատ չեն լինում: Հանրապետականների պարագայում` հատկապես: Պարոն Աշոտյանը եզակի-հաճելի բացառություն է: Շնորհակալ եմ:
Հարգարժա’ն պարոն Աշոտյան,
1. որ Տարոն Մարգարյանը չէր համարձակվելու հրապարակային բանավիճել Արմեն Ռուստամյանի հետ, ի սկզբանե գիտեի. դրա համար էլ առաջարկել եմ: Խելոք-խելացիները չէին թողնելու: Եվ ճիշտը չթողնելն էր: Այդպիսի մի բանավեճ ժամանակին, նախագահական ընտրությունների օրերին, եղել է…
2. Որ ՀՅ Դաշնակցությունը ընտրությունների ժամանակ հենվելու է բացառապես սեփական ուժերի վրա, խնդրում եմ` մի’ կասկածեք: Մեր մեջ ասած` եթե շատ ազնիվ լինենք` չեք էլ կասկածում: Գոնե Դուք ընդդիմությանը լավ եք ճանաչում: Ինչ-որ չափով, կարծում եմ, ճանաչում եք նաեւ իշխանությանը:
3. Երրորդ շնորհակալությունը Ձեր կարծիքով` «այնպիսի պատկառելի քաղաքական գործիչների» անունից, «ինչպիսիք են Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը»: Այո, Երեւանի քաղաքապետը պարտավոր է ինքնուրույն, սկզբունքային, վճռական որոշումներ կայացնելու ունակ քաղաքական գործիչ լինել` համաձայն եմ Ձեզ հետ: Ուրախ եմ, որ ընդգծում եք մեր առավելությունը:
4. Կրկին համաձայն եմ Ձեր`”գալիք ընտրությունները ուժեղ անձերից բաղկացած (բաղկացածը ճիշտ բառը չէ) թիմերի ընտրություններ են” ձեւակերպման հետ: Բայց, ներողամիտ եղեք, համաձայն չեմ “Տարոն Մարգարյանը պատկառելի թիմի ընդգծված առաջնորդ է” արտահայտությանը հետ: Ե’վ պատկառելին, ե’ւ առաջնորդը իմաստակիր բառեր են: Ու հետո` Ձեր թիմը, կարծեմ, մե’կ առաջնորդ ունի:
5. Ինչ մնում է ընտրական շեմը հաղթահարելու ծանր ու պատվաբեր գործում Դաշնակցությանը հաջողություն մաղթելու Ձեր ազնիվ վարքին: Այո, դժվար է: Բայց մենք Դաշնակցություն ենք եւ դժվարությունից չենք խուսափում: Մաղթում եմ (անմաղթանք էլ լինելու է)` երբեւէ դառնաք ընդդիմություն, զրկվեք իշխանության բոլոր լծակներից, ընտրությունների վրա ազդելու խայտառակ հնարավորություններից (նաեւ կրթական ոլորտում): Կտեսնենք, թե ինչ կմնա ձեր պատկառելի թիմից, եւ ինչպես կհաղթահարեք ընտրական նվազագույն շեմերը: Հիմա էլ ճիշտն ասեք երեւանցիներին: Ասե’ք, որ իրենք Տարոնին չեն ընտրում` ընտրում են Հանրապետական կուսակցությանը:
6. Վեցերորդ կետը ես բաց եմ թողնում…”,- նշեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը: