Փաշինյանը զարմացնում է
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե ՄԻՊ նախկին 3 թեկնածուներն էլ համարվել են իշխանության թեկնածուները, բայց հանդես են եկել անսպասելի դիրքորոշումներով ու ստիպված էին հրաժարական տալ հանգամանքների բերումով: Փաշինյանը նշեց, որ ակնհայտ է, որ Թաթոյանը ‹‹իշխանությունների մարդն է››:
Ըստ Փաշինյանի՝ այդպիսի մարդիկ էին նաև նախկին օմբուդսմենները, բայց հետագայում օնբուդսմենները անկախացան ու օբյեկտիվ քայլեր արեցին և, փաստորեն, փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ ‹‹իշխանությունների մարդը›› իշխանությունների ասածն է անում: ‹‹Փաստն այն է, որ, օրինակ` Կարեն Անդրիասյանը շեղվեց իշխանության ասածներից: Նա հերքեց այն կանխավարկածը, թե իշխանության դրածոն ու խամաճիկն է››:
Փաշինյանը կողմ է քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը: Ասաց` դժվար է եղել այս որոշումը կայացնելը: Փաշինյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն արդեն մեծ ճանապարհ է անցել ու բավականին շատ կայացած է: Փաշինյանը նշեց, որ իր վստահության քվեն տալիս է ոչ թե Թաթոյանին, այլ ՄԻՊ-ի ինստիտուտին, ապա հույս հայտնեց, որ Թաթոյանը բարեխիղճ կաշխատի: