Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը
Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Թբիլիսիում մեկնարկած Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արեւելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները:
Հանդիպմանը քննարկվեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը եւ մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը եւ ընդգծեց հայկական կողմի ակնկալիքը մինչեւ ս.թ. աշնանը կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը եզրափակել Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ներգրավված լինելով Արեւելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությանը՝ նախատեսում է այս տարի Երեւանում անցկացնել մի քանի միջոցառումներ արդարադատության, երիտասարդական եւ կրթական փոխանակումների ոլորտներում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց Հայաստանի եւ ԵՄ միջեւ ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը եւ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը:
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը գալիք սեպտեմբերին Երեւանում անցկացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ համաժողովի մասնակիցների համատեղ մամուլի ասուլիսը: