Հայերե´ն երգենք
Այսօր հեռուստատեսությամբ, ռադիոյով և նույնիսկ բեմահարթակներից հաճախ կարելի է լսել այնպիսի երգեր, որոնք հնչում են լեզվական բազում թերություններով:
Իրար կցմցված բառեր, անորոշ ոճի, խառնուրդային երաժշտություն, թեմայի սյուժեից հեռու տեսահոլովակ, և երգը ունի բոլոր հնարավորությունները գոնե մի քանի շաբաթ լինել «հիթային»: Սակայն դրանցում երբեմն չկան ոչ միայն հանգ պարունակող տներ, չկա ոչ միայն որևէ ոճի պատկանող երաժշտություն, այլև չկա կայուն շեշտադրություն:
Ըստ հայերենի հնչյունաբանության` շեշտը դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա: Սակայն բազմաթիվ երգերում այս կանոնը գրեթե անտեսվում է: Այսօր եթերում հնչող ամեն երկրորդ երգը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ սխալ շեշտադրությամբ է մատուցվում: Այսպես` հայ զինվորները «քա՛յլերը շիտակ» են դնում, «Խա՛չիկը, Վա՛չիկը, Հրա՛չիկը, Քա՛ջիկը» պարում են «Սի՛լոյի պարը», իսկ սիրահարները «հա՛վատում են ` դեռ կգա մի օր…»:
Ցավալի է ևս մեկ փաստ. ներկայումս երաժշտություն թերևս գրում են ոչ թե երգահան-կոմպոզիտորները: Իսկ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը նշում է. «Չեմ կարծում, որ երգը նույնպես կարելի է ենթարկել որոշակի օրենքների: Ավելի լավ է` այն լինի որակյալ երաժշտությամբ. հոգ չէ, եթե փոքր-ինչ շեղվի լեզվի կանոններից»:
Բանաստեղծ Լևոն Բլբուլյանն ասում է, որ ինքը մշտապես հետևում է իր այն բանաստեղծությունների ճակատագրին, որոնք պետք է երգեր դառնան: Նրա երգերը լեզվական անհարթություններ չեն ունենում, որովհետև համագործակցում է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են` իր քույրը` Ժաննա Բլբուլյանը, Կոնստանդին Օրբելյանը և այլք: Ի դեպ, բանստեղծը նկատում է նաև, որ ինքը բավականին նմանություններ ունի կոմպոզիտոր Օրբելյանի հետ. երկուսն էլ բծախնդիր են երգ գրելու հարցում:
Վերը բերված օրինակների շարքը անընդհատ կարելի է շարունակել… Իսկ տեսնես այս խնդրի էությունը, գոնե դույզն-ինչ, մտահոգո՞ւմ է երգիչներին