Սատանան հիմար է
– Հա՛յր, իսկ սատանան գիտի՞, թե ինչ կա մեր սրտերում:
– Ա՛յդ էր պակաս: Մնում էր միայն մարդկանց սրտերն էլ տեսներ: Սրտերը միայն Աստված է տեսնում: Եվ միայն Աստծո մարդկանց է երբեմն բացահայտվում, թե ինչ կա մեր սրտերում՝ մեր իսկ օգտի համար: Սատանան միայն այն խորամանկությունն ու չարությունը գիտի, որն ինքն է դնում նրանց մեջ, ովքեր ծառայում են իրեն: Մեր բարի մտադրությունները նա չգիտի: Միայն, երբեմն, փորձից ելնելով է կռահում դրանց մասին, այն էլ հիմնականում վրիպում է: Եվ եթե Աստված նրան թույլ չտա ինչ-որ բան հասկանալ, ապա սատանան մշտապես կսխալվի ամեն ինչում: Քանի որ սատանան շատ խավարամիտն է: «Տեսանելությունը՝ զրո»: Ենթադրենք, ես մի բարի մտադրություն ունեմ: Սատանան չգիտի դրա մասին: Եթե մտադրությունս չար է, ապա սատանան գիտի, որովհետև ինքն է իմ մեջ սերմանում դա: Եթե հիմա ուզում եմ մի տեղ գնալ ու ինչ-որ բարի գործ անել, օրինակ՝ փրկել ինչ-որ մեկին, ապա սատանան չգիտի դրա մասին: Սակայն, եթե սատանան ինքն է մարդուն հուշում. «Գնա ու փրկիր այսինչին», այսինքն այդպիսի միտք է տալիս մարդուն, ապա ինքն է նրա մեջ սերմանում հպարտությունը և այդ պատճառով էլ գիտի, թե ինչ կա այդ մարդու սրտում:
Սա շատ նուրբ հարց է: Հիշո՞ւմ եք աբբա Մակարիոսի հետ պատահածը: Մի անգամ, նա հանդիպեց սատանային, ով մոտակա անապատից էր վերադառնում: Նա գնացել էր այնտեղ ապրող վանականներին գայթակղության մեջ գցելու: Սատանան ասաց աբբա Մակարիոսին. «Բոլոր եղբայրները շատ դաժան են իմ նկատմամբ, բացառությամբ մեկի, ով ընկերս է, լսում է ինձ և երբ տեսնում է՝ պտտվում է իլիկի պես»: «Ո՞վ է այդ եղբայրը»,- հարցրեց աբբա Մակարիոսը: «Նրա անունը Թեոպեմպտոս է»,- պատասխանեց սատանան: Սուրբ Հայրն անապատ գնաց ու գտավ այդ եղբորը: Նուրբ եղանակով բացատրեց նրան մտադրությունների բացահայտման մասին և հոգևոր առումով շատ օգնեց: Երբ աբբան կրկին հանդիպեց սատանային՝ հարցրեց անապատում ապրող եղբայրների մասին: «Նրանք բոլորը շատ դաժանորեն են ինձ վերաբերվում,- պատասխանեց սատանան,- Իսկ ամենից վատն այն է, որ նա, ով նախկինում ընկերս էր, չգիտես ինչու փոխվել է և այժմ բոլորից դաժան է դարձել իմ նկատմամբ»: Սատանան չգիտեր, որ աբբա Մակարիոսն այցելել էր այդ եղբորն ու ուղղել նրան, որովհետև սուրբը խոնարհությամբ էր գործել, սիրուց մղված: Եվ սատանան աբբայի բարի մտադրության նկատմամբ իրավունքներ չուներ: Բայց եթե սուրբը հպարտանար, ապա կվաներ իրենից Աստծո Բարեշնորհությունը և սատանան կստանար այդ իրավունքները: Այնժամ նա կիմանար սրբի մտադրության մասին, որովհետև այդ պարագայում ինքը նրա մեջ սերմանած կլիներ հպարտությունը:
– Իսկ, եթե մարդն ինչ-որ տեղ բարձրաձայնում է իր բարի մտադրության մասին, ապա սատանան կարո՞ղ է լսել դա ու հետո գայթակղության մեջ գցել այդ մարդուն:
– Ինչպե՞ս պիտի լսի, եթե ասվածի մեջ ոչինչ չկա սատանայից: Սակայն, եթե մարդն իր մտադրությունը հպարտանալու նպատակով է ասում, ապա սատանան կմիջամտի: Այսինքն, եթե մարդը հպարտության նկատմամբ հակվածություն ունի և հպարտությամբ հայտարարում է. «Կգնամ ու կփրկեմ այսինչին», ապա սատանան միանում է այդ գործին: Այդ դեպքում սատանան կիմանա նրա մտադրությունների մասին, իսկ, եթե մարդ սիրուց մղված ու խոնարհությամբ է գործում, ապա սատանան չի իմանա: Պետք է ուշադիր լինել: Դա շատ նուրբ գործ է: Իզուր չէ, որ Սուրբ Հայրերը հոգևոր կյանքը «գիտությունների գիտություն» են անվանում:
– Հա՛յր, սակայն այնպես է պատահում, որ օրինակ՝ գուշակը երեք աղջիկների համար գուշակում է, որ մեկը կամուսնանա, մյուսը՝ նույնպես, սակայն դժբախտ կլինի, իսկ երրորդն ընդհանրապես չի ամուսնանա և դա իրականանում է: Ինչո՞ւ:
– Սատանան փորձառու է: Օրինակ՝ ինժեները, տեսնելով, որ տունը վթարային վիճակում է գտնվում, կարող է ասել, թե դեռ որքան ժամանակ կանգուն կմնա: Այդպես էլ սատանան տեսնում է, թե մարդն ինչպես է ապրում և իր փորձից ելնելով՝ կարող է ասել, թե ինչ վախճան կունենա:
Սատանան սուր միտք չունի, նա շատ հիմար է: Նա ամբողջությամբ խառնաշփոթ է իրենից ներկայացնում, սկիզբն ու վերջը չես գտնի: Եվ իրեն մեկ խելացիի պես է պահում, մեկ՝ հիմարի: Նրա խարդախություններն անշնորհք աշխատանքի հետևանք են: Աստված է այդպես դասավորել, որպեսզի մենք ճանաչենք նրան: Որքա՜ն մթագնած պիտի լինես հպարտությունից, որ սատանային չճանաչես: Խոնարհություն ունենալով՝ ի վիճակի ենք զանազանել սատանայական ցանցերը, որովհետև մարդ լուսավորվում ու մոտենում է Աստծուն խոնարհության միջոցով: Խոնարհությունն է, որ սատանային հաշմանդամ է դարձնում:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
Աղբյուրը` surbzoravor.am