27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ իրադարձություններով նշանավորվեց 2015 թվականը

2015 թվականը մեկնարկեց ողբերգական լուրերով: Պաշտոնական տվյալներով սահմանի ողջ երկայնքով հակառակորդը հունվարին հրադադարի ռեժիմը խախտել էր 860 անգամ, կազմակերպվեցին դիվերսիոն փորձեր, որոնց ընթացքում բանակը կրեց կորուստներ:

Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էր Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքը: Պարզվեց, որ ենթադրյալ հանցագործը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է։ Մյուս օրն առավոտյան Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել էր, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է Վալերի Պավելի Պերմյակովը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը:

Հունվարի 14-ին Գյումրիում և Երևանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր՝ սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելու պահանջով։ Նույնը օրը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ նամակով կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, կխնդրի, որպեսզի մեղադրվողին հանձնեն հայկական կողմին: Հունվարի 14-ին հիվանդանոցում մահացավ դանակի հարվածներ ստացած փոքրիկ Սերյոժան:

«Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների ձևավորված Եռյակը վերջին հանրահավաքն արել էր 2014 թվականի հոկտեմբերի 24-ին և դեռ անհայտ էր մնում, թե ինչպես է Եռյակը պայքարելու, քանի որ ԲՀԿ-ի ստեղծած մարզային շտաբները կրում էին զուտ ձևական բնույթ: Այդ անորոշ վիճակը խախտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով փետրվարի 12-ին ՀՀԿ ԳՄ նիստին խիստ քննադատեց Գագիկ Ծառուկյանին, ով այլ ելք չուներ, քան պատասխան հայտարարությամբ հանդես գալ:

Ծառուկյանը հայտարարեց, որ իշխանության վերջը պետք է գա և սպառնաց պայքարել մինչև վերջ: Սակայն մեկ գիշերում ԲՀԿ առաջնորդը շեշտակի փոխեց իր դիրքորոշումը և հայտարարեց, որ դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից: Նա մարտի 5-ին ներկայացրեց հրաժարական կուսակցության և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնից: Կուսակցության նախագահ և խմբակցության ղեկավար ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Փետրվարյան հայտնի գիշերվանից հետո ԲՀԿ-ն պառակտվեց երեք մասի՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի թևերի: Սարգսյանի կողմնակիցների մի մասը դուրս եկավ կուսակցությունից, մյուսը՝ ձևական պահպանեց մանդատը, Քոչարյանի թիմակիցներն անկուսակցական մնացին, բայց ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ, իսկ Աբրահամյանի թիմը խմբվեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի շուրջ:

Այս ամառը նշանավորվեց քաղաքացիական ակտիվ պայքարով, որ կրեց «Էլեկտրիկ Երևան» անունը: Բանն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու: Ջրցան մեքենայի, քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությամբ իրականացված ոստիկանական գործողությունից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել ու բերման էին ենթարկվել նաև լրագրողներ: Ոստիկանները կոտրել էին նրանց աշխատանքային տեխնիկան, առգրավել տեխնիկայի և հեռախոսների հիշողության քարտերը:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին: Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց: Հունիսի 30-ին «Ոչ թալանին»-ը վերադարձավ Բաղրամյան պողոտա, սակայն ոչ որպես շարժումը համակարգող խումբ:


Ցեղասպանության 100-րդ տարելիցին
առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հունվարի 29-ին տեղի է ունեցելՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը տեղի է ունեցել ապրիլի 24-ին խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին անցկացվել է պատարագ, ինչին հետևել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը, ինչպես նաև SOAD ռոք խմբի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Արթնացրե՛ք հոգիները» խորագրով միջազգային համերգաշարը և Երևանում կայացած եզրափակիչ համերգը: Հավելենք, որ Երևանում ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին մասնակցելու հրավերով Հայաստանում էին չորս երկրի՝ Ֆրանսիայի, Սերբիայի, Ռուսաստանի և Կիպրոսի նախագահները:

Աշունն էլ ակտիվ էր քաղաքական իմաստով: ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշեց հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել ՀՀ Նախագահին: Միաժամանակ, Հանձնաժողովն առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնելու համար ՀՀ Նախագահի ներկայացուցիչ նշանակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:

Հիշեցնենք, որ մինչ այդ արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերը նախագահականում հանդիպել էին Նախագահի հետ և կոնսուլտացիաներ ունեցել: Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունները քննարկելուց հետո Ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի։ Նախագծին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Նկատենք, որ «կողմ» քվեարկողներից էր նաև ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Քվեարկությունից հետո տեղից սկսեցին բղավել պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և Արամ Մանուկյանը՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը օրինագծի ընդունման կապակցությամբ:

Ուշագրավ է, որ նիստին չէին եկել նաև այն պատգամավորները, ովքեր հայտարարում էին «դեմ» քվեարկելու մտադրության մասին: Խոսքը ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի գտնվող Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի և Հայկ Խաչատրյանի մասին է: Նիստին չէին ներկայացել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը, Վահան Կարապետյանը, ովքեր հստակ դիրքորոշում չէին հայտնել այդ հարցի վերաբերյալ:Գործուղման մեջ լինելու պատճառով նիստին չէին մասնակցում նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ի վերջո, նախագահը հանրաքվեի օրը նշանակեց դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել էր 2 միլիոն 566 հազար 998, իսկ քվեարկությանը մասնակցել էին 1 միլիոն 302 հազար 613 քաղաքացիներ՝ 50.74 տոկոս: Անվավեր է ճանաչված քվեաթերթիկների թիվը կազմել էր 53 հազար 435: Սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 825 հազար 521 ընտրող՝ 63.37 տոկոս, «ոչ»` 421 հազար 568՝ 32.36 տոկոսը: Ինչպես անցած ընտրությունները, այս անգամ էլ կեղծիքները, ճնշումները քննադատող հայտարարությունները տեղական և միջազգային հարթակներից չուշացան: Բայց հանրաքվեն կայացած է, ուրվագծվում է Ընտրական օրենսգրքի փոփոխման գործընթաց:

Տարին ամփոփվեց սահմանին կրկին զոհերով: Բանը հասավ նրան, որ Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ավելի ճիշտ է ներկայիս վիճակը պատերազմ անվանել: Սա ըստ ՊՆ խոսնակի:

Տարեվերջյան տոնական խառնաշփոթում քաղաքական եռման ջերմաստիճանն այնքան էլ չի կարևորվում: Բայց դե հստակ է՝ վաղն ամեն ինչ կսկսվի նորից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ